Այսօր սիրված դերասանուհի և ասմունքող Սիլվա Յուզբաշյանի ծննդյան օրն է. վայելե՛ք Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք»-ը նրա չքնաղ կատարմամբ

Հայ ասմունքող Սիլվա Համբարձումի Յուզբաշյանը ծնվել է 1954 թվականին հունիսի 10-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:

Տարիներ շարունակ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Մ.Գորկու «Հատակում» (Վասիլիսա), Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ» (Թուխծամ) և այլն:

Ավելի քան քսան տարի աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի գրական խմբագրությունում` որպես հնչյունային ռեժիսոր-ասմունքող: Երկացանկում եղել է Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի և այլոց երկերից: 

Ամերիկահայ համայնքի հրավերով Համո Սահյանի և Վահագն Դավթյանի հետ շրջագայել է ԱՄՆ տարբեր քաղաքներում` ներկայացնելով բանաստեղծների ստեղծագործությունները: Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Բեյրութ, Իրան, Սիրիա, Քուվեյթ, ԱՄԷ և այլուր:

2004 թվականին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած մենահամերգից հետո, պարգևատրվել է Գլենդելի քաղաքապետի հատուկ մրցանակով: Արժանացել է Հարավային Քալիֆորնիայի «Motion Picture» և «Golden Holo Award» մրցանակներին, ՀՀ վարչապետի մրցանակին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի, ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալի, «Համո Սահյան» մեդալի: Արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: