Այս ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ Թամանյանի հետ ազգային բազմաթիվ զարդաքանդակներ է հեղինակել. Գիտե՞ք թե ով է ՆԱ և այլ ինչ գործերով է հայտնի.

Քանդակագործ, արվեստի տեսաբան ՍՈՒՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ծնվել է Ելիզավետպոլում: 1915թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարան, միաժամանակ հաճախել Լ.Շերվուդի մասնավոր ստուդիան: 1918-20թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում: 1927թ. տեղափոխվել է Երևան, աշխատել Ալեքսանդր Թամանյանի ղեկավարած արվեստանոցում: Հեղինակ է արվեստի պատմության հարցերին նվիրված ուսումնասիրությունների: Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության, խեցեգործության բնագավառներում: Հայաստանի Կառավարական տան (1926-41թթ), մասամբ և ժողտան (այժմ` Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1926-53թթ) դեկորատիվ զարդաքանդակները նրա և Ալեքսանդր Թամանյանի համատեղ գործունեության արդյունքն են և բնորոշվում են պլաստիկական նուրբ արտահայտչականությամբ, ազգային զարդաքանդակի խոր իմացությամբ:

Քանդակագործի մոնումենտալ ստեղծագործություններից են Ս.Ազիզբեկովի (գիպս` 1927թ., բազալտ` 1932թ.), Ղ.Ղուկասյանի (գրանիտ, 1934թ.), Խ.Աբովյանի (բրոնզ, 1950թ., երեքն էլ` Երևանում), Վ.Լենինի (բազալտ` 1940թ., Գորիս, բազալտ` 1941թ., Սիսիան), Ստեփան Շահումյանի (բրոնզ, բազալտ, 1954թ., Ստեփանակերտ)` գեղարվեստական տարբեր առանձնահատկություններ ունեցող հուշարձանները: Ստեղծել է հայ նշանավոր մտավորականների դիմաքանդակների մի ամբողջ շարք («Տարագրոս», բազալտ, 1929թ., «Պերճ Պռոշյան», բազալտ, 1938թ., «Ստեփան Աղաջանյան», գիպս, 1938թ., բազալտ, 1946թ., «Հովսեփ Օրբելի», մարմար, 1945թ., «Կոմպոզիտոր Կոմիտաս», գիպս, 1946թ., մարմար, 1960թ., «Դերենիկ Դեմիրճյան», բրոնզ, 1948թ., «Արա Սարգսյան», բրոնզ, 1954թ.).

Փոքրածավալ, կամերային հորինվածքներից են «Վերադարձ շուկայից» (գիպս, 1915թ.), «Կժով գեղջկուհին» (գիպս, 1930թ.), «Երեխային լողացնող մայրը» (գիպս, 1940թ.): «Կուլի» (գիպս, 1930թ.), «Լիպարիա Սխչյանի մահը» (գիպս, 1935թ.), «Հետախույզները թշնամու թիկունքում» (գիպս, 1942թ.), «Նոնակ նետողը» (գիպս, 1943թ.) հորինվածքներում և վաղ շրջանի այլ գործերում նրան գրավել են քաղաքացիականության և հերոսականության գաղափարները: 1965թ. Երևանում բացվել է անհատական ցուցահանդեսը: Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: