Ինչո՞ւ այս ՀԱՅԻՆ կնքեցին որպես «ժողովրդի թշնամի» և աքսորեցին.

Գրականագետ ԳՈՒՐԳԵՆ ՎԱՆԱՆԴԵՑԻ կամ Գուրգեն Փորսուղյան ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում: 1927թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: Գրականության և արվեստի սոցոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում: Գրական գործունեությունն սկսել է 1920-ական թվականների սկզբին որպես բանաստեղծ։

Լինելով Հայաստանի պրոլետ-գրողների ասոցիացիայի անդամներից ու ղեկավարներից՝ այդ խմբակցության սկզբունքներով գրել է տեխնիցիզմը փառաբանող վերացական բանաստեղծություններ, հանդես է եկել գրական ընթացիկ շարժումը վերլուծող հոդվածներով, առանձին գրքերի գրախոսություններով։ Նրա գրականագիտական, արվեստաբանական ուսումնասիրությունները՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Պերճ Պռոշյանին, ինչպես նաև Եղիշե Չարենցին ու Մարտիրոս Սարյանին, բնութագրվում են սոցիոլոգիական ուղղվածությամբ և երբեմն հասնում են արվեստի առանձնահատկությունները շրջանցող մերկ գաղափարայնության։

Մասնակցել է «Հայ գրականության պատմություն» (1933թ.) ութհատորյակի ստեղծման աշխատանքներին։ Գրել է «Արեգակը խաչափայտին» վերնագրով միակ պոեմը: Հրատարակվել են նրա «Րաֆֆու վեպերը» (1928թ.), «Շիրվանզադեի ստեղծագործության հիմնական գծերը» (1930թ.) աշխատությունները: 1936թ., Ստալինի ցուցումով, գրականագետին ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո նրան աքսորել են որպես «ժողովրդի թշնամի»: Մահացել է Երևանում: