Սովետական տարիների մանուկների սիրելի բանաստեղծը, ով իր գործերով հայրենասիրության ոգի էր արթնացնում փոքրիկների մեջ. գիտեի՞ք, որ նա եղել է գուսան Շերամի որդին

Հայ խորհրդային բանաստեղծ Վազգեն Գրիգորի Տալյանը ծնվել է 1907 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է գուսան Շերամի որդին, կոմպոզիտոր Վարդգես Տալյանի եղբայրը:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Կատարել է մանկավարժական և խմբագրական-լրագրական աշխատանք։ Գրել է մանկական բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, պոեմներ, առավել նշանակալից են «Սոնիկի թռիչքը» (1939թ.), «Ուրախ օր» (1955թ.), «Կարկաչում են առվակները» (1957թ.), «Մտերիմներ» (1959թ.), «Վերադարձ» (1960թ.), «Հրաշալի պարտեզ» (1964թ.), «Անհանգիստ հոգիներ» (1969թ.), «Գույնզգույն ձմեռ» (1971թ.), «Աստղիկներ» (1974թ.), «Մարտ առանց կրակոցի» (1978թ.) ժողովածուները։

Նրա ստեղծագործությունները համակված են հայրենասիրության ոգով, աչքի են ընկնում անմիջական ու պատկերավոր մտածողությամբ։ Դրանցից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Կազմել, խմբագրել ու ծանոթագրել է գուսան Շերամի «Երգեր»-ը (1969թ.), թարգմանել Ա.Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» (1958թ.), Ա.Վոլկովի «Զմրուխտ քաղաքի կախարդը» (1962թ.), Ի.Սթոունի «Նավաստին թամբի վրա» (1963թ.) և «Կյանքի ծարավը» (1970թ.) վեպերը, ինչպես նաև Ջ.Լոնդոնի, Հ.Կրաուզեի և Մ.Պաշեկի ստեղծագործություններից։ 

Աշխատել է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: Մահացել է 1995 թվականին Երևանում: