«Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում». ՖՐՈՒՆԶԻԿԻ մտքերը կինոյի ու թատրոնի մասին, որոնք արժե կարդալ

***

Անիմաստ ծիծաղեցնելը ոչինչ է: Ես ավելի եմ սրտնեղում, երբ տեսնում եմ անիմաստ բանի վրա ծիծաղողի: Եթե մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ առանց պատճառի ծիծաղում է:

***

Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում:

***

Ինքնաճանաչողությունը քեզ պետք է նաև որպես քաղաքացի, որպես հայրենասեր: Մարդն իր ազգը, իր ազգի պատմությունը չիմանա…չիմացավ՝ չի էլ կարող ստեղծագործել, որովհետև նա իր արժեքը չգիտի:

***

Արվեստում չի կարելի պատճենահանել, իսկ կինոյում դա առավել վտանգավոր է: Էկրանը կեղծիք չի ընդունում, բայց և չի կարելի այն հայելի դարձնել:

***

Դերասանի մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա, բայց կրկնում եմ՝ ավելի քաղցր…