«Մեր արած գործը դյուրին գործ չէ՝ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես». ստամբուլի նշանավոր ՀԱՅԸ

Տարիներ շարունակ գրական գործունեությամբ զբաղված Եդուարդ Թովմասեանը, Պոլսի հայալեզու «Մարմարա» թերթի համար աշխատելուց հետո, 1993 թվականին ընկերների` Հրանտ Դինքի, Մկրտիչ եւ Արտաշես Մարկոսյանների հետ որոշում է հիմնադրել «Արաս» հրատարակչատունը:

«Պոլսահայ համայնքը դժվար օրեր էր ապրում, ձայն հանել չէր կարող, սուս ու փուս իր պատյանի մեջ քաշված ապրում էր, երբեմն չէիր կարող դիմանալ, պոռթկում կար, բայց ինչպես անել, մեծ համայնք չենք»,- նշում է Եդուարդը:

Թուրքիայի հանրությանը հայ համայնքն ու հայության ողջ էությունը, պատմությունն ու անցած ուղին ներկայացնելու մղումով էլ ստեղծվում է «Արասը»: Հրատարակչատունը հիմնականում ներկայացնում է  հայ գրողների թուրքերեն թարգմանված աշխատանքներ, Թուրքիայում բնակվող հայ հեղինակների թուրքերեն գրքեր  եւ օտարազգի (նաեւ թուրք) հեղինակների հայերին ու հայկական հարցին առնչվող գրքեր։ Հրատարակվում են նաեւ հայերեն գրքեր. 23 տարվա ընթացքում «Արասը» շուրջ 170 գիրք է հրատարակել:

«Մեր արած գործը դյուրին գործ չէ՝ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես: Մենք աշխատում ենք այսպիսի կեցվածքով` առանց դիմացինի աչքը հանելու հարցը սեղանի վրա դնել, առանց գոռալու, որքան որ համեստ կարող ենք լինել, այդպիսի համեստության մեջ` առանց որակը կորցնելու եւ աշխատելով որակը բարձրացնել»,- ասում է Թոմոն: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։