«Ես պարզապես ՀԱՅ եմ, այո՛, ՀԱՅ, այնտեղ իմ արմատներն են, իմ մոր աճյունը». ո՞վ է Ուկրաինայի կինոարվեստի ՄԵԾԱԳՈՒՅՆ դեմքերից մեկը, ով հավատարիմ մնաց իր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած արվեստագետը` Ռոման Բալայանը, որ ուկրաինական ժամանակակից կինոարվեստի ամենանշանավոր դեմքերից մեկն է, ամուր թելերով է կապված իր բնաշխարհին, պատեհ-անպատեհ առիթներով հաճախակի է այցելում հարազատ ոստան. «Այնտեղ իմ հարազատներն են, իմ մոր աճյունը…»: Նա իրեն անվանիների թվին չի դասում. «Ես ինձ հայտնի չեմ համարում: Ես պարզապես լավ հայ եմ: 

Մինչեւ Փարաջանովի հետ ծանոթանալս կարծում էի՝ հանճար եմ: Հետո հասկացա տաղանդի եւ հանճարի տարբերությունը…»:

 Ինքն իրեն կատակով «լոպազ ու հաստակող» ղարաբաղցի բնութագրող Ռոման Բալայանի վաստակը գնահատվել է ըստ պատշաճի. 2008 թ. Ուկրաինայի նախագահը նրան շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալի ավանդի համար, նույն թվականին պարգեւատրվել է «Վաստակի համար» երկրորդ կարգի շքանշանով: Պարգեւների թիվը մեծ է, մնացյալները չթվարկենք:

«Արցախյան շարժման առաջին իսկ օրերից իմ մեջ տագնապ կա, որն առ այսօր հանգիստ չի տալիս: Տագնապ եմ զգում, երբ Արցախում եմ, տագնապ եմ զգում, երբ Արցախում չեմ: Քաջ գիտակցում եմ խնդրի լրջությունը: Այսօր մեծ տերություններին ոչ մի հարց, սեփական շահից բացի, չի հուզում: Ադրբեջանի նավթը գայթակղիչ է, իսկ ի՞նչ ունեն Հայաստանն ու Արցախը… Միշտ ասել եմ, որ հպարտ եմ իմ արմատներով: Արցախցին հեշտ չի կոտրվում ու անզիջում է: Ես ամեն վայրկյան զգում եմ, որ մեկն եմ արցախցիներից, նրանց նման համառ ու հաստակող…»:

Նրա համար Արցախն հայրենիք է, այնտեղ են իր բարեկամները, մոր շիրիմը, մանկության թանկ հիշատակները: Այնտեղ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, որտեղ ծնվել է, վաղ հասակում կորցրել հորը, ով անհետ կորել է երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ութ տարեկանում դերասան դառնալու երազանքը երիտասարդ Ռոմանին տանելու էր Ստեփանակերտի թատրոն, այնուհետեւ ուսանելու էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ավարտելու նաեւ Կիեւի նույնանուն բուհի կինոռեժիսուրայի բաժինը:

Ռոման Բալայանը տասնամյակներ առաջ ցանկություն է ունեցել հայրենիքում ֆիլմ նկարել իր կնքահոր՝ Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» ստեղծագործության հիման վրա: Վերին ատյաններում, չգիտես ինչու՝ առարկել են: