«Ես ունեմ 10 գիրք, 3 որդի և իմ փոքրիկ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որով ամենից շատն եմ հպարտ». մեծ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ Գևորգ Էմինի այս խոսքերը պարտավոր է կարդալ ամեն ՀԱՅ

«Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով»

Թուրքիան ապրում է իր պատմության արյունոտ էջերում, հայն ու Հայաստանն ապրում են մշակույթի, պոեզիայի էջերում. պոետներն են խոսեցնում մեր կտրած լեզուն. Մենք հա՛մր ենք կիսով. Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն, Մեր մտածածը չասելու համար… 

Գևորգ Էմինը մեր պոետներից մեկն է, որ խոսեցրեց հայերենը յուրովի՝ թափանցելով մեր ժողովրդի պատմության, բնավորության, ճակատագրի, նահատակվելու, ապրելու ու հավերժելու դրոշմանիշով… Սերը, որ ինչքան էլ սպառվում, չի դադարում սեր լինելուց. 

Ո՜ւժ տուր, լսո՞ւմ ես, 

Սիրո Աստվա՛ծըդ ամենակարող, 

Գեթ ա՛յս երեկո ասել` 

«Չե՜մ սիրում», Որ չկրկնվի Նրա տենչա՛նքն ու Իմ տանջա՛նքն էլի.. 

Հազվադեպ հանդիպող «մի սիրո պատմություն», երբ դժվար, գրեթե անհնար է սիրող էակին մերժել, գտնել բառեր, որ նա այլևս չսիրի ու իր սիրով չտանջի իրեն չսիրող էակին, սակայն ինչպես ասել այն երկու հատիկ բառը՝ «Չե՜մ սիրում», երբ այն կարող է փլուզել մի քնքուշ էակի սիրո աշտարակը. մնում է կրկին ու կրկին հուսադրել նրան՝ սեփական տառապանքի գնով. «-Եկա՞ր, միա՜կըս, / Եկա՞ր, սիրելի՜ս…»: 

Հայրենիքն էլ նման է այն քնքուշ աղջկան, որին մերժելն անհնար է, որքան էլ նա ցավ ու տառապանք պատճառի, որքան էլ սերն ունենա վերապահումներ, իսկ հայրենիքը սոսկ սար ու ձոր, քար ու թուփ չէ. հայրենիքն ամբողջանում է մարդկանցով, ովքեր, ցավոք, այն լքելու սովորություն ունեն և հաճախ կիսվում են օտարների հետ, երբ ճակատագիրն արդեն իսկ տարել է իր բաժին կեսը («Մենք»).

Բայց և կա մի ուրիշ բան այդ դաժան ճակատագրում, որ մտածել է տալիս պոետին, ու նա այլ կողմից է մոտենում հարցին. Ո՞վ էր ստիպում՝ Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անեք, Որ միշտ մե՛զ տեսնեք՝ Ուր էլ որ գնանք…

 Ու թեև մենք անհամար չենք աստղերի պես, սակայն մեր փայլը նույնքան պայծառ ու հավերժ է, որքան ադամանդը կամ չհատնող ուրանի փայլը, ու դա ամենևին էլ մեր մեղքը չէ, այլ… Մենք փո՜քր ենք, այո՛, Ձեզ ո՞վ էր ասում, Մեզ սեղմե՛ք այնքան, Որ մենք ստիպված…  ադամա՜նդ դառնանք…