Եվ արդեն օրորոցում իր ամպլուան որոշեց: Լացը: Հենց որ տեսնում էր, թե իրեն ուշ չեն դարձնում, լաց էր լինում. գիտե՞ք՝ ում մասին է նման գրառում կատարել Դերենիկ Դեմիրճյանը

Ստորև ներկայացնում ենք Դերենիկ Դեմիրճյանի` 1925 թ. Թիֆլիսում Իսահակ Ալիխանյանի բեմական գործունեության երեսնամյակի առթիվ գրված (որը հետագայում զետեղվում է Իսահակ Ալիխանյանի ալբոմ-հայտագրի մեջ) և լույս տեսած երգիծական դիմանկարը:

Ծնվեց 1876-ին: Եվ այն էլ առանձին պայմանով, որ աշխարհի միզանսցենան ինքը պիտի մշակի: Համաձայնեցին, հաշվելով որ աշխարհքը սովոր է, որ եկողը միշտ իր գլխին միզանսցենա որոշող դառնա: Ուստի և աշխարհ գալուն պես իրենց տան կահկարասին փողոց նետել տվեց, սեղաններն ու աթոռները ստիպեց, որ պատերից կախեն, և այս խառնաշփոթությունից հասկացվեց, որ մի ռեժիսոր-դերասան ևս եկավ աշխարհք: Հետո օրորոց պահանջեց և մեջը պառկելով` սկսեց իր ապագա գործունեության ծրագիրը մշակել: Եվ արդեն օրորոցում իր ամպլուան որոշեց: Լացը: Հենց որ տեսնում էր, թե իրեն ուշ չեն դարձնում, լաց էր լինում: Անմիջապես հարևան աղջիկները գլխին էին թափվում և սկսում էին ծափահարել, որից կտրում էր ձայնը:

Երբ մի քիչ մեծացավ, սկսեց շներին ու կատուներին կռվացնել, որպեսզի դրաման ուսումնասիրի: Մի անգամ էլ, երբ Էդիպ արքան մշակելու համար հարևան տղայի աչքը հանեց, ծնողները իրենից ազատվելու համար տարան Ներսիսյան դպրոցի բակը և իրենք ետ փախան: Այստեղ մնաց Ալիխանյանը 7 տարի, և դասատուները ավարտելով նրան` 1896-ին դպրոցը հեռացավ նրանից: Անմիջապես մտավ Աբելյանի խումբը, և վերջինս նրան տանելով Հյուսիսային Կովկաս` պանդոկներում վարժեցնում էր խաղալ … բակարա և պրեֆերանս: Հենց այդ պանդոկներում Ալիխանյանը ուսումնասիրեց և մշակեց Խլեստակովի դերի պանդոկին վերաբերող մասերը և դառավ Խլեստակով … ներեցեք` դերասան:
Շատ արագ որոշեց իր դերերը և արագ էլ առաջ եկավ: Մանավանդ որ համակրելի ու գեղեցիկ էին թե՛ իր ընտրած դերերը և թե՛ … ինքը: Վանահայրության հետ շատ էլ գլուխ չունեցավ: Սիրելով ծովն ու Սեդան` գերադասեց աբեղայությունը:

Ալիխանյանի դեմքը, ինչպես և խարակտերը, մի փոքր դժվար է նկարելը: Ինչպես և հասկանալը ցար Իոհան Ֆեոդորովիչին: Օսվալդ, Միշկին, Աբեղա, Ցար Իոհան, Խլեստակով — ահա՛ դերերը, որ դժվարացնում են հարցը: Իհարկե, նրա գլխավոր գիծը բարությունն է և արվեստի չափազանց սերը: Փորձիր մի քանի հոգով գնա մոտը, թե`
— Ընկեր Ալիխանյան, Քռի ճամփան ո՞ր կողմն է. ուզում ենք ընկնել մեջը և խեղդվել:
Բարեժպիտ կպատասխանե.
— Ուղիղ գնացեք և ապա` ծռվեցեք աջ:
— Մենք ուզում ենք կամուրջի վրայից ընկնել:
— Սկզբունքով դեմ չեմ և շատ համակիր եմ ձեր ծրագրին, և մինչև անգամ
ավելի լավ, միայն հետևեցեք սցենարիուսին, որ մուտքի սխալ չանեք և գլխիվայր ընկնենք, որ շարժումը շնորհալի դուրս գա, մնացածը հաջաթ չի: Կարող եք և առանց գրիմի:

Հասարակությունը շատ է սիրում Ալիխանյանին: Եվ որպեսզի հիշվի նրանից` միշտ ընծաներ է մատուցում նրան: Ինքն էլ շատ է սիրում խանութպաներին և որպեսզի չմոռացվի նրանցից, ամեն մեկից մի քիչ ապրանք է վերցնում պարտքով և ուշացնում է:

Մի ունայնության փոս ունեցավ իր կյանքում: Իր դրամարկղը, որ երբեք լավ չլցվեց: Ճիշտ է, եղան տարիներ, որ «կանգնում էր փոսի վրա», բայց 14 թվականից դեսը տախտակ է դնում վրան և այնպես է կանգնում: Եղած ժամանակ շռայլում է, չեղած ժամանակ’ սակավապետ է: Մի պատառ հաց ու պանիր, մի կտոր էլ ծափահարություն, և նա արդեն գոհ է:

Միշտ գանգատվում է, որ աշխարքի բեմադրությունը գեղեցկացնելու պայմանով է աշխարք եկել: Իսկ երբ իրեն առաջարկում են որ բեմադրե’ հինգ հազար փորձ է պահանջում: Չար լեզուներ կան, որ բամբասում են, թե ծույլ է: Ես այդ կարծիքի չեմ: Ինքն էլ է բողոքում և 20 տարի, ուզում է լրագրում հերքել այդ կարծիքը, բայց … ծուլանում է:

Բարի աստղի տակ է ծնված Ալիխանյանը: Չնայած իր աստանդական կյանքին’ միշտ անել դրությունից դուրս է պրծել երջանիկ հինգերորդ արարով: Ամենից շատ վտանգվել է գարադնիչներից, բայց իր բախտը’ Օսիպը, միշտ իր ժամանակին հասցնել է պոչտեմեյստերի կառքը:
Սակայն նա իր բոլոր մանր-մունր մեղքերը քավում է գեղեցիկի այն սկզբունքով, որ նրա պաշտամունքն է եղել միշտ:
Նրա կյանքը մի ներդաշնակ երգ է, որի մեջ լսվում են սքանչելի տերցիաներ, երրյակներ: Այսպես’
Երեք տեղ ամենից շատ խաղացել է Ալիխանյանը աշխարքիս վրա. բեմի վրա, կանաչ սեղանի վրա և փափուկ սրտերի վրա: Փափկասիրտ է, փափկաձայն է և փափկակյաց: Կամ’ գեղեցիկ խոսում է, գեղեցիկ խաղում է և գեղեցիկ … խուսափում:

Ալիխանյանը գեղեցկադեմ և համակրելի տղամարդ է: Միշտ կյանքն անց կացնելով սիրանույշների և միգանույշների հետ’ ձևերով և շարժումներով միանգամայն բարեկիրթ եվրոպացի է:

Այնպես է ժպտում երեսիդ, կարծես, Սեդայի հայրը լինես: Եվ փողոցում այնպիսի քայլվածք ունի, որ թվում է, թե վանահոր հետ կռվել է և Հայր Անտոնի լաստն է փնտրում, որ ծլկվի:

Լուսանկարում Աբեղա — Իս. Ալիխանյանն է (Լ. Շանթի «Հին աստվածներ»)

Դ. Դեմիրճյան «Երկերի ժողովածու. XIV»