«Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով». ի՞նչ են պատմում Սոս Սարգսյանի հուշերը ՖՐՈՒՆԶԻԿԻ մասին

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի «Վարագույրից այն կողմ» գրքից հատված:

Օրեր, օրեր … Հիշո՞ւմ ես, Ֆրունզ, ֆուտբոլի օրերը: Անհամբեր սպասում էինք, խաղ բաց չէինք թողնում, պարտադիր ստադիոնում էինք, ֆուտբոլի մեր գիտակներ Գալոյան Հովիկի, Մկրտչյան Աշոտի հետ: Տոմս դժվարությամբ էինք ճարում ու եթե չէինք ճարում, դու քո հեղինակությամբ մի դաստա դերասան հետդ ներս էիր տանում: Փակ դուռ չկար քո առաջ: Հայ ոստիկանները քեզ տեսնելիս, զմայլանքից հալվում էին ու` կանաչ ճանապարհ:

— Անցեք, անցեք, համեցեք, ընկեր Մկրտչյան …

Մոսկվայում, մեր վերջին խաղերի ամփոփման ժամանակ, հայտնի մի թատերագետ ասաց.

— Այս հայ դերասանը մեզ` ռուսներիս, ստիպեց հեշտ արտասանել իրար կողք շարված հինգ բաղաձայն տառերով իր ազգանունը` Մկրտչ…

Հա, լուրջ պաշտոնյայի կեցվածքով, վստահ, կարգադրում էիր.

Սրանք ինձ հետ են, բաց թողեք` մեկ, երկու, երեք, չորս … Դու էլ արի. գլուխը խուզած, անծանոթ ու անտոմս մի երեխա էլ վրադիր:

Արևածաղիկ չրթելով, լցվում էինք ստադիոն, եթե չունենային` տասը տեղից հյուրասիրում էին, եթե տոմս չունենայինք` տեղները զիջում էին, իրենք մնում կանգնած, ու այս ամենը նրա համար, որ իրենց կողքին լինես: Մենք էլ քո կողքին օգտվում էինք:

Հովիվյանը որ գոլ էր խփում, վեր էինք թռչում տեղներիցս, ցնծություն էր մեր սրտերում, բավականությունից թրջվում էին մեր աչքերը, գրկվում, համբուրվում էինք … Ախր, տաղանդավոր մարդու հաղթանակը շատ է գեղեցիկ …

Արարատի պարտությունները մեր դժբախտ օրերն էին, բայց պատահում էին ավելի դառը օրեր: Հին ստադիոնում այն ժամանակվա Արարա-Սպարտակը երեք զրո հաղթում էր Մոսկվայի Դինամոյին. Չալիկյանի, Քեհյանի ժամանակներն էին: Հետո, երկրորդ խաղակեսին, մերոնք չորս անհեթեթ գնդակ բաց թողին: Մոսկվան կարգադրել էր` պարտվել: Մեր խորհրդային սպորտի բարքերը …

Ցուցահանդեսներն էլ բաց չէինք թողնում: Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնաս, քեզ հետ հետաքրքիր էր, քո նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բան էին բացում, առանձնապես մեր ընկերներ Աթոյան Ռաֆիկի, Մելքոնյան Աշոտի, Մուտոյի, Սիրավի, մեր Զուլումի, մեզ հետ բոյ քաշած մյուս տղերքի գործերը … Սրանց հաջողություններով շատ էինք ուրախանում: Վիճում էլ էինք, իհարկե: Հետաքրքիր է, մեր ջահել դերասանները հայ նկարիչներին գոնե գիտե՞ն… Սարյանի անունը լսած կլինեն:

Հասնում էինք Մինասին, երկար էինք մնում … Այո, տաղանդավոր մարդու հաղթանակը և՛ գեղեցիկ է, և՛ ազգինն է …

Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով: Թվում էիր ու թվարկումքանի նկարիչ եք տվել, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան, քանդակագործ: Վերջինից հատկապես նշում էիր Մերկուրավին հայ չի, բայց մենք ենք աճեցրել … Նեղն էիր լծում ինձ, լոպազանում էիր:

  • Դե, ասա, ասա, ձեր Լոռին ինչ է տվել, դե թվիր տեսնեմ` ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները …

Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել պատասխանը.

  • Հա, շատ եք, լավն եք, բայց մենք` լոռեցիներս, էդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք, հազար տարին մեկ ազգի համար ծնում ենք մի … Թումանյան Հովհաննես … Բա, ախպեր ջան, էս էլ իմ ուշացած պատասխանը քեզ:

Դա քիչ էր, ձեռ էիր առնում.

  • Դե, մալականի դպրոց ավարտած, հայերեն էս երգը երգի …

Ու երգում էիր համով-հոտով: Նախանձում էի:

«Սիրտս գայլերին թող բաժին դառնա …» կամ«Լուսնյակ գիշեր …»: Սրանցից ո՞րն էր, որ կատարեցիր «Եռանկյունի» ֆիլմում: Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էիր արի սովորեցնեմ: Սովորում էի, բայց դե … Մինչև հիմա էլ նախանձում եմ հայոց դպրոց գնացածներիդ, հարազատ մոր կաթ կերածներիդ: Նախանձելը ոչինչ, մի ամբողջ կյանք տանջվեցի հայերենն իմ մեջ իր տեղը գցելու համար: Մինչև հիմա էլ ստորակետներից գլուխ չեմ հանում: Ամոթ:

Բայց Շիրակ, Կումայրի, Գյումրի, Ալեքպոլ … Լավ էր, որ Լենինականից պրծանք, բայց Կումայրի այսօր հեռու է ու սարքովի է թվում: Ինձ որ մնար, կթողնեի Ալեքպոլը, համ էլ քաղաքականություն. Ռուսիան ռուսանում է …

Ինչ օրեր ենք անցկացրել երազային այդ քաղաքում, քանի ֆիլմ ենք նկարահանել, ինչքան ենք քեզ հետ մեզ այնտեղ զգացել մեր հարազատ տանը … Հայության հոգին էր, քաղաք չէր … Տեսա՞ր ինչ եղավ: Կվերականգնվի՞, կվերածնվի՞ նրա համն ու հոտը … Երանի, երանի մեր զավանկենրը իմանան, վայելեն մեր տեսածը … Ու դու գործ ունես անելու քո քաղաքի համար: Ինչպեսն էլ դու գիտես …