Ինչպես ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆԸ հողաչափի մասնագետից դարձավ ԴԵՐԱՍԱՆ․ Իմացե՛ք ՆՐԱ մասին ավելին․

Դերասան, բեմադրիչ ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Սաթենիկ Չմշկյանի ամուսինը: 1847-50թթ սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում: 1854թ. ավարտել է ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862թ. աշխատել տարբեր քաղաքներում` որպես հողաչափ: 1863թ. սկսել է թատերական գործունեությունը: 1864թ. ստեղծել է հայ առաջին` Անկախ դերասանական ընկերությունը, 1872թ.` «Մշակ» թերթը, 1879թ.` Թիֆլիսի թատերական ընկերությունը: 1908թ-ից եղել է Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ: Նրա ստեղծագործական գաղափարական կողմնորոշմանը նպաստել են ռուսական ռեալիստական թատրոնը և, հատկապես, Վ.Բելինսկու թատերական հոդվածները: Պայքարել է կլասիցիստական ուղղության դեմ:

Հայ թատրոնում հաստատել է Վ.Շեքսպիրի, Մոլիերի, Ա.Օստրովսկու, Ն.Գոգոլի, Գ.Սունդուկյանի  դրամատուրգիան, նախընտրել արդիական թեմաներով պիեսները: 1864-90թթ իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին: Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, մեծ դեր է ունեցել Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես հայ-վրացական թատերական կապերի ամրապնդման գործում: Դերասանական տարբեր խմբերով շրջագայել է Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում (1865թ.), Գորիում (1873թ.), Բաքվում (1885թ., 1889թ.) և այլուր: Եղել է Պեպոյի (Գ.Սունդուկյանի «Պեպո») առաջին և լավագույն դերակատարը հայկական և վրացական թատրոններում:

Եղել է Ա.Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսների առաջին հայ բեմադրիչը, որտեղ խաղացել է Վիխորևի ու Կրեչինսկու դերերը: Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է մոտ 20 պիես և բեմադրել է Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո», «Թիմոն Աթենացի», Վ.Հյուգոյի «Անջելո», Մոլիերի «Կանանց կրթարանը» և այլ գործեր: Խաղացել է ավելի քան 100 դեր մի շարք ներկայացումներում․ Գրել է «Իմ հիշատակարանը» (1953թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ: Մահացել է Պետրոգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ):