ՍԱՐՈՅԱՆԸ Էջմիածնում մանկամարդ աղջիկների էր հանդպել և հարցրել՝ ուսկի՞ց կուգաք. գիտե՞ք՝ ինչու էր աղջիկների պատասխանը ցնցել ՍԱՐՈՅԱՆԻՆ

-ՈՒսկի՞ց կուգաք…

Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.

— Ուսկի՞ց կուգաք…

Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:

Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.

-ՈՒսկի՞ց կուգաք…

— Ապագայից,- ասացին աղջիկները:

Ծիծաղեց:

-Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:

Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:

— Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան…

Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:

Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.

— Քու անուն ի՞նչ է…

-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:

Հետո հաճախ էր հիշում նրան:

-Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա… Քեֆս եկավ… Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան…

Վահագն Դավթյան «Բարի հսկան»