«Գլխարկս հանում, բարևում էի նրան` մեր մեծանուն վիպասանին առանց ծանոթ լինելու հետը». գիտե՞ք՝ ինչպես են ծանոթացել ՄՈՒՐԱՑԱՆՆ ու ԻՍԱՀԱԿՅԱՆԸ

Իմ ժամանակվա պատանիների համար` 1890-1895 թվականներին, մեծահռչակ Րաֆֆիից հետո ամենասիրելի արձակագիր հեղինակը Մուրացանն էր: Անշուշտ, շատ էինք սիրում նրաև Շիրվանզադեին և Նար-Դոսին:

Խանդավառված էինք նրա «Ռուզան» հայրենասիրական պիեսով: Սիրով հետևում էինք նրա լույս տեսած մեծ և փոքր գործին: Կարդացել էինք «Խորհրդավոր միանձնուհին», «Իմ կաթոլիկ հարսնացուն» և մյուս պատմվածքները:

Մուրացանի լեզուն, նրա ճշգրիտ հայերենը` գեղեցիկ բառերի ընտրությամբ, պատկերավոր ոճով մեզ համար ուսանելի դպրոց էր: Նա արդեն բավական ժողովրդականություն ուներ: Հիշում եմ մի դեպք: 1897 թվականին Բագրան գյուղումն եմ, Բագրատունիների հնագույն մայրաքաղաքում: Բագրանը հռչակավոր ուխտատեղի էր այն ժամանակ: Միջնաբերդի հինավուրց մատուռում գտնվում էր սուրբ Գևորգի գերեզմանը: Ուխտավորներ էին գալիս Շիրակից, Կարսից, Կաղզվանից, Սուրմալուիից …

Ես հյուր էի մի բագրանցի տարեց ուսուցչի մոտ: 1896 թվականին «Արձագանք» հանդեսում տպվում էր Մուրացանի հոյակապ վերպը` «Գևորգ Մարզպետունին»: Ուսուցչի մոտ կային «Արձագանքի» համարները: Ես դեռ չէի կարդացել վեպը: Հյուրընկալս ոգևորված կարդում էր ինձ համար վեպից` իր սիրած էջերը: Համագյուղացիների համար նույնպես կարդացել էր և նրանք շատ խանդավառվել էին, ինչպես վկայում էր հյուրընկալս: Ջերմ հավատով և համոզված ձայնով ինձ ասաց, որ ժողովրդի մեջ այն ավանդությունը կա, թե Մարզպետունին թաղված է Բագրանում և մատուռի միջի գերեզմանը մեր զորավարինն է և ոչ թե քրիստոնեական հունական սուրբի:

«Ես մանկությունից լսել եմ այս ավանդությունը: Հայոց պատմագիրներից ոչ մեկի մոտ չկա գրված, թե ո՞ւր է թաղված Մարզպետունին: Ժողովրդի ավանդածը միշտ ճիշտ է: Միայն ժողովուրդը սրբացրել է հայ մեծ զորավարին և նույնացրել քրիստոնեական զորավարի հետ»:
Այս ավանդությունը հետաքրքրական է և պետք էր նշել, գրանցել: Մուրացանը ինքնամփոփ մարդ էր, հասարակությունից հեռու. չէր երևում ո՛չ թատրոններում, ո՛չ ժողովներում: Նրա ճանապարհը տնից գործի տեղն էր, գործի տեղից` տուն: Երբեմն պատահում էր փողոցում, մտախոհ դեմքով, մաքուր հագնված: Գլխարկս հանում, բարևում էի նրան` մեր մեծանուն վիպասանին առանց ծանոթ լինելու հետը, սոսկ հարգանքից մղված. մի վայրկյան հետաքրքիր նայում էր ինձ, ապա ժպտում և բարևիս պատասխանում:

Մուրացանի հետ ծանոթացա միայն 1902-1903 թվականներին, Հովհաննես Թումանյանի մոտ, մեր Վերնատանը: Երբեմնակի գալիս էր նա Թումանյանի մոտ: Շատ հարգալից էինք նրա հանդեպ: Նստում էր Թումանյանի կողքին և լուռ լսում էր մեզ: Վերնատան նահապետը` Ղազարոս Աղայանը բարձր ու հզոր ձայնով խոսում էր. Թումանյանը ուրախ բաներ էր պատմում, ու Մուրացանի աչքերը ժպտում էին մեղմորեն: Թվում էր, թե հաճելի էր նրան մեր շրջանը: Հաճախ մասնակցում էր մեր խոսակցություններին, զրույցին, հարցերին, սակայն, սովորաբար սակավախոս էր: Եվ երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին: Առհասարակ հեզ, համեստ բնավորության տեր մարդ էր: Ես զգում էի, որ նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, որ գաղտնի մաշում էր նրան, մի վիշտ` ոչ մեկին հաղորդած: Մեր մեջ նստած’ միտքը ուրիշ բանի հետ էր, հայցքը մի հեռավոր կետի հառած:

Ավ. Իսահակյան «Երկերի ժողովածու» հատոր V