Գեղանկարչուհի, գոբելենագործ ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ․ Գիտե՞ք թե ինչպիսի ՀԱՅԱՊԱՀՊԱՆ գործունեությամբ է զբազվել այս ՀԱՅՈՒՀԻՆ․

Գեղանկարչուհի, գոբելենագործ ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ծնվել է 1946թ. հունիսի 11-ին, Երևանում: 1962-64թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1969թ. ավարտել է Մոսկվայի Ստրոգոնովի անվան պետական գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ինտերիերի ֆակուլտետը: 1989-94թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

1979թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակի «Հայաստանի քարեր» (1987թ.), «Ճանապարհորդություն» (1991թ.) շարքերը, «Երևան» (2002թ.) եռանկարը, «Զանգեզուր» (1976թ.), «Ժամանակակից Հայաստան» (շարք, 1981թ-ից, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1987թ.), «Ուռենիներ» (1997թ.), «Վարդեր» (2001թ.) աշխատանքներն արժևորվում են նրանով, որ հաստատում են ժամանակակից որմնագորգի (tapestry) ազգային ձևը։ Կարապետ Եղիազարյանի հետ ստեղծել է «Երգ Հայաստանի» (1984թ.) գոբելենը (Գյումրիի դրամատիկական թատրոն), «Շախմատ» շարքը (1985թ., Երևանի շախմատի տուն), Թեղենիք գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու խորանի (2003թ.), «Ծաղկիր իմ երկիր» (Ուստ Կամենոգորսկ քաղաքի թատրոն, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1979թ.) վարագույրները, մասնակցել (Գրիգոր Խանջյանի, Կարապետ Եղիազարյանի հետ) «Վերածնունդ» գոբելենային վարագույրի ստեղծմանը:

1970թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Ռիգա, Լոս Անջելես, Հնդկաստան, Գերմանիա, Շվեդիա և այլն): Մասնակցել է նաև մի շարք միջազգային սիմպոզիումների՝ Էրֆուրտ (1978թ.), Լոզան (1979թ.), Սոմբատհեյ (Հունգարիա, 1983թ.), տեքստիլ ցուցահանդեսների՝ Քյոսեգ (Բուդապեշտ, 1983թ.), 1984թ. Ռիգայում կայացած 2-րդ միջազգային տեքստիլ արվեստի սիմպոզիումին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1994թ.), ԱՄՆ-ում (2001թ.), Երևանում (2002թ.): Աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Մոսկվայի Ռուսական դեկորատիվ արվեստների թանգարանում, մասնավոր հավաքածուներում: