«Ախ, Բե՛լլա, հասկանո՞ւմ ես` ՆՐԱ պես երգչուհուն պառկած չպիտի լսես». ՀԱՅ երգի հավերժ ԼԵԳԵՆԴԸ, ում շուրթերից լսվեց միայն ՀԱՅԿԱԿԱՆԸ. ՆՐԱ ո՞ր կատարում եք հիշում

«Մի անգամ Ծաղկաձորում հանգստանալիս է եղել Ավետիք Իսահակյանը: Երեկոյան խարույկի շուրջ հավաքված պիոներները երգել են, ասմունքել: Այդ հավաքին ներկա է եղել նաև Օֆելյա Համբարձումյանը: Վարպետը, լսելով երիտասարդ Օֆելյայի երգի ձայնը, մոտեցել է, համբուրել նրա ճակատը՝ կանխատեսելով ապագան.

-Աղջիկս, դու մեծ երգչուհի ես դառնալու, ցնցեցիր հոգիս… 

Տասնյակ տարիներ անց, երբ Իսահակյանը հիվանդ էր, իսկ բժիշկներն արգելում էին անկողնուց վեր կենալ, հանկարծ ռադիոն հայտարարում է, որ շուտով ելույթ է ունենալու Օֆելյա Համբարձումյանը: Իսահակյանը շտապ ձայն է տալիս հարսին.

 -Բելլա, շորերս բեր, պիտի հագնվեմ: Հարսը հակադարձում է.

 -Ախր, հայրիկ, քեզ չի կարելի վեր կենալ: Իսահակյանը պատասխանում է. 

-Ախ, Բելլա, հասկանո՞ւմ ես, որ Օֆելյա Համբարձումյանի պես երգչուհուն պառկած չպիտի լսես: 

Իսահակյանը հագնվում է, նստում իր աշխատանքային սեղանի դիմաց ու մինչեւ վերջ լսում է համերգը: Հարսը հիշում է, որ համերգի ավարտին Իսահակյանը հուզվել էր»: Փաստենք, որ Օֆելյա Համբարձումյանն առաջին կատարողն էր Վարպետի «Սիրեցի, յարս տարան» հայտնի ստեղծագործության… Գուցե հենց այդ երգի կատարո՞ւմն էր խորապես հուզել «յարից յարա» ստացած բանաստեղծին.. Գուցե, ով իմանա:

Օֆելյա Համբարձումյանը հայ երգի մունետիկն էր ոչ միայն նախկին միության հայահոծ գաղթօջախների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության համար: Նրա շուրթերից հնչող հայրենական երգը մայրենիի զորությամբ էր սնուցում ազգայինից տկարացող հայ հոգիները Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, ամենուր: Եվ հայ երգի նրա հրավառությունը շարունակվեց շուրջ յոթանասուն տարի անընդմեջ, երբ 21-րդ դարասկզբին այլևս բեմ չբարձրացավ: Եվ երբ 91 տարեկանում գնաց ի հավերժություն, մեծանուն Տիգրան Մանսուրյանը գրեց. «Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը՝ իր եզակի տաղանդով ու ներշնչվածությամբ հունցված: Նրան տրված ժողովրդական տիտղոսը մինչև պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որևէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում՝ իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու…

Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի»: Կապրի ու նաև կապրեցնի, ու կշարունակվի երգչուհու՝ յոթ տասնամյակ հնչեցրած երգի լեգենդը՝ իր կոմիտասապաշտ ժողովրդի կյանքին համընթաց…