«Թշնամին փորձել է շրջապատել դիրքը, բայց ինքը թույլ չի տվել, ուզում եմ բոլորը ճանաչեն նրան ու իմանան նրա կատարած սխրանքի մասին». ՀԵՐՈՍ Արսենը իր պաշտպանած դիրքում էլ ընկավ քաջի մահով

Հոկտեմբերի 31-ին Մարտունու ճակատում, գիշերային թեժ մարտի ժամանակ, հերոսաբար զոհվեց եղբայրս՝ կրտսեր սերժանտ Արսեն Հայկի Խաչատրյանը: Նա իր զինվորների հետ սահմանագծի այդ հատվածի, իր դիրքի համար կռվել է մինչև վերջ, կռվել է աննահանջ ու զոհվել… Պատմում են, որ թշնամին փորձել է շրջապատել դիրքը, սակայն, նրա հրամանատարությամբ, մեր հերոս զինվորները մարտ վարելու ռազմավարական ու մարտավարական խելամիտ քայլերով կարողացել են թշնամու նկրտումները ի չիք դարձնել… Քսաներորդ գարունը չբոլորած եղբայրս իր պաշտպանած դիրքում էլ ընկել է քաջի մահով:

Մեծ դժվարությամբ ընկերոջը հաջողվել է վիրավոր եղբորս դուրս բերել կռվի դաշտից, սակայն ստացած վիրավորումը՝ սրտից է խփվել, անհամատեղելի է եղել կյանքի հետ:

heros hayk

Կիսատ մնացին գարունները, երազանքները…
Բարի, ժպտերես տղա էր իմ ախպերը: Որտեղ Արսենն էր, այնտեղ ուրախությունն ու ժպիտը անպակաս էին։
Աշխարհում ոչ մեկը չուներ Արսենի ժպիտը…
Ախպերս իսկական հերոս է. կյանքի գնով պաշտպանել է իր զինվորներին։
Ուզում եմ բոլորը ճանաչեն նրան ու իմանան նրա կատարած սխրանքի մասին։
Հպարտ եմ, որ Արսենի պես ախպեր ունեմ:

Փառք ու պատիվ քեզ, ի՛մ ԱԽՊԵՐ…

ԱՆՆԱ ՄԻՐԻԲՅԱՆ