Խորեն Պալյանը դարձավ Լուսինեի ուղեկիցը, խորհրդատուն և անբաժանելի ընկերը. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ այն մասին, թե ինչպես ծանոթացան ԽՈՐԵՆՆ ու ԼՈՒՍԻՆԵՆ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Կ. Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» գրքից հատված:

Խորեն Պալյանը նոր էր ավարտել Գևորգյան ճեմարանը: Նրա հայրը` Հարություն Պալյանը, բնիկ սսեցի էր: Քառասուն տարի ուսուցչություն էր արել Լիբանա-Սիրիա հայաբնակ կենտրոններում, խմբագրել է ազգային-հայրենասիրական ուղղության «Լիբանան» թերթը, տպագրել «Եղբայրասպան գնադակը» և «Քելեկյան որբանոցը» հատորները և եղել հայտնի «Սիս մատյանի» գրեթե բոլոր նյութերի մատակարարն ու համահեղինակը:

Հարությունը մեծ գերդաստան ուներ` տաս երեխա: Դամասկոսում, Ժաֆար կոչված թաղամասում նա վարձել էր մի ընդարձակ բնակարան, հինգ-վեց սենյակ, ազգային վարժարանի կողքին: Դպրոցը երկհարգանի էր և գտնվում էր հայոց հայոց մարմնամարզական միության և բարեգործական ակումբների միջև: Դիմացը` եկեղեցին էր` ընդարձակ գավիթով և հարակից շինություններով:

Ամեն առավոտ սպիտակ շապիկը հագած ցածր դասարանցիները` երկշարք հոսքով լցվում էին եկեղեցի` «Առավոտ լուսո» և «Հայր մեր» երգելու: Եկեղեցու գմբեթի տակ համահավաքվում էր պարզ ու ոգեղեն մեղեդին. Մանկահասակների անմեղ ձայնը ծավալվում ու ծփում էր հավատացյալների գլխավերևում:

Խորենն այստեղից սկսեց: Հին շարականները և մեղեդիները մանկոթյունից (ծիսական բոլոր մանրամասնություններով) յուրացվեցին և դարձան հուգու սեփականություն: Դպրոցի կրոնուսույցը Խորենի մեջ տեսնում էր ապագա աստվածաբանին: Սրամիտ, ուշիմ, ընկալունակ երեխա էր, պատմելու մեջ քաջավարժ ու հմուտ: Գրաբար յուրացրեց դյուրությամբ: Բացարձակ գերազանցիկ էր: Թատերական շնորհներ էլ ուներ: Դպրոցում Հարություն Պալյանի ջանքերով բեմադրված Դոստոյեվսկու «Խաղամոլում» երեխայի դերն էր տանում: «Երբ հասա և ճաշը ձեռքիս բանտախուց մտա, — պատմում է Խորեն Պալյանը, — սկսեցի այնպես լաց լինել (երևակայում էի, թե իսկապես հորս բանտարկել են) և աղաղակել, որ ստիպված էին դուրս տանել բեմից»:

Երաժշտական, երաժշտասեր ընտանիք էր Պալյանների ընտանիքը: Բոլոր երեխաները գիտեին նվագել, երգել:

Երբ 1946-ին հայրենիք հասան, Հարությունը արտասվելով ընկավ հայրենի հողին: Համբուրում էր հողը, ցանում էր գլխին, քսում դեմքին: Ամեն ինչ մնացել էր թիկունքում` օտար երկինքը, օտար լեզուն, անտարբերությունը, տառապանքը:

Լենինականում մինչև օրս էլ ապրում են Պալյաները: Ծեր ու բարեհաճ մամիկ Պալյանը այսօր էլ կբռնի ձեռքդ, կժպտա երեխայի մաքրությամբ և կխնդրի այցելել իրենց` զրուցելու և «սուրճ մը առնելու համար»:

Յոթ-վերք եկեղեցում Խորենը սկսեց երգել, նա մասնակցում էր երեկոյան ժամերգություններին, տոն օրերին մատուցվող հանդիսավոր պատարագներին: Գևորգ Չորեքչյանը` Ամենայն հայոց կաթողիկոսը, որը ճանաչում էր Հարություն Պալյանին, խնդրեց երեխային ուսանելու ուղարկել Գևորգյան ճեմարան:

1955-ին Խորենը արդեն ճեմարանում էր:

Փոքրիկ, մաքուր, միշտ հավաք ու կոկ վանական խուցը, ուր ապրում էր Խորենը, հաճախ էր զրնգում շարականների և մեղեդիների կատարումներից: Երգիչ դառանալու մի թաքուն հույս էր փայփայում երիտասարդ վանականը: Կոմիտասի սրբա-սուրբ նկարի տակ նախ կախել էր մոր նվիրած ընտանեկան խաչը և հավատացյալի նվիրումով զբաղվում էր հայ հոգևոր ու տոհմիկ երգերի ուսումնասիրությամբ, մեկնաբանումներով ու կատարումներով: Դժվար չէր նրա համար ճեմարանում սովորելը: Նա համարվում էր ճեմարանի լավագույն ուսանողը:

Լուսինեի հետ ծանոթությունն ու մտերմությունն այն արդյունքն ունեցավ, որ արդեն ճեմարանավարտ Խորեն Պայլանը հայտնվեց Երևանի կոնսերվատորիայում` Արմինե Քարամյանի մոտ:

Գիտեր արդեն Արմինե Արտյոմովնան, որ երիտասարդ վանականը փորձում է պատրաստվել բեմական կարիերիայի համար: Դժվար չէր տեսնել, որ Լուսինեի ընկերը օժտված է բնական, հավասարակշիռ ու գեղեցիկ բարիտոնով:

Արմինե Արտյոմովնան նրան մի քանի արիաներ հանձնարարեց և պարապմունքների ընթացքում համոզվեց, որ Խորենը հայ հոգևոր երգի ոչ միայն հմուտ կատարող է, այլև քաջատեղյակ մասնագետ: Ապշեցուցիչ էր նրա հիշողությունը: Անգիր գիտեր համարյա բոլոր շարականները, մեղեդիները, տաղերը, գանձերը, հայ գեղջուկ ու քաղաքային երգը, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Կարա-Մուրզա, վերջապես հայրենակցի` մեծ երգահան ու երաժիշտ Ներսես Շնորհալու բովանդակ ստեղծագործությունը:

Վանական զգեստները փոխած Խորենը իր տարիքից փոքր էր երևում. կարճ խուզած փոքրիկ մորուքը նրան անպատեհ հասունություն էր հողորդում: Սարկավագը զուսպ էր իր պահվածքի մեջ, և, չնայած դրան, Լուսինեն կարողանում էր տեսնել հոգու խորքում զսպված զգացումի տառապանքը: Խոսում էր արևմտահայերենի և արևելահայերենի վայելուչ փոխընդգրկմամբ:

Արմինե Աչտյոմովնայի հարկի տակ նրանք իրենց զգում էին ինչպես հարազատի տանը: Երկար ու հաճելի զրույցների մեջ Խորենը ներկայացնում էր Դամասկոսը, Լաթաքիայում, Տրիպոլիում; Ազգային թարգմանչաց դպրոցում ստացած կրթության մասին չէր խոսում: Պատմում էր զվարճալի անցքերի մասին` թյուրատեսության ու թյուրիմացությունների վրա հիմնված դեպքերի զավեշտական մանրամասնությունները ներկայացնելով:

Երիտասարդ վանականը Լուսինեին ուղեկցում էր մինչև Շահսուվարյան փողոցի անկյունը և ետ դառնում: Տարօրինակ զգացում էր ունենում աղջիկը, երբ Խորենը հատու քայլվածքով կտրում էր փողոցը և իջնում մոտիկ կանգառը: Նրան թվում էր, որ այդ լրջախոհ տղան զինվորական պիտի լիներ` մինչդեռ իրականում նա իրարամերժ երկվության միասնություն էր: Հոգևոր ծառայությունը` ինքնաժխտումի պես, և երգը անիրական հայտնության պես, տվայտում էին զգացումունքային վանականին, որը ոչ միայն աղոթել գիտեր, այլև` պաշտել, ոչ միայն երգել, այլև` սիրել: Սիրե՜լ: Սերը ծաղկում էր նրա շուրջ: Եվ նա ամաչում էր դրանից ավելի շատ, քան իր արտաքինի ու ներքին էության անհամապատասխանությունից: Հենց որ ժամերգությունից հետո իջնում էր իրիկնային լռությունը, տաք ու հարմարավետ խցի կիսամութի մեջ վառվող մոմի պլպլոցի տակ, այցի էր գալիս մենությունը … օդեղեն ոլորտներից իջնում էին երազները, անուրջները …

Լուսինեն ինքն էլ չէր նկատում, թե ինչպես հետզհետե կյանքը անհնար է դառնում առանց երիտասարդ վանականի: Խորենին տեսնելը դառնում էր անհրաժեշտություն:

Խորենը անձով ու հետաքրքրություններով լցնում էր Լուսինեի ողջ կյանքը: Նրանց հանդիպումները ավելի որոնվող մեղեդի էր, քան կրկներգը հայտնի երգի: Լուսինեն սարկավագի խնամքոտ հոգատարության մեջ գտնում էր ոչ միայն զգուշավորության չափ հպանցիկ զգացմունք, այլև իր էության ենթագիտակցական գնահատություն: «Մի՞թե ես արժանի եմ դրան», — երբեմն հարցնում էր աղջիկը ինքն իրեն և պարապմունքների ժամանակ փորձում ցույց տալ, որ ոչինչ չի մոռացել:

Այն ամենը, ինչ պատմում էր Խորենը ոչ միայն նորություն էր, այլև անչափ գրավիչ: Սարկավագը նրա մեջ արթնացրեց շատ բան. հայոց հին հեղեդիների վաղնջական ու մաքուր պարզության մեջ Լուսինեն գտավ սեփական էությանը ներդաշնակող համընկնումներ: Իր ժողովրդի պատմությունը, որ չէր սովորել դպրոցում, Խորենի շուրթերին` դառնում էր խոր տագնապներով լի հոգևոր ինքնահայտնաբերում:

Շահսուվարյան փողոցում արդեն բոլորը գիտեին երիտասարդ վանականին: Գալիս էր և անմիջապես անցնում պարապմունքի: Դաշնամուրի մոտ նստած, նա ժամերով պատմում ու բացատրում էր ոչ միայն հայոց հին երգերի կատարման մանրամասնությունները, այլև թարգմանում էր դրանց բովանդակությունը, մխրճվում ծիսակատարությունների, տոների, բիբլիական առասպելների ու կերպարների մեկնաբանությունների մեջ:

Արդեն մի քանի անգամ վանքում կատարել էր «տեր ողորմեան», որ Կոմիտասի ստեղծոգործության հազվագյուտ գլուխգործոցներից է: Խորենը մի անգամ անդրադարձավ դրան:

— Գիտե՞ս, թե երբ և ինչպես է գրվել ու պատարագի մեջ մտցվել «Տեր ողորմեան»: Չգիտե՛ս: Գիտե՞ս, թե ինչպես է 1915 –ին Կոմիտասը մշակել մեղեդին և ինչ հանգամանքներում:

— «Տեր ողորմեան» հնագույն մեղեդի է: Ան կկատարվեր ցասման ժամին մեջ, ժողովրդին վերահաս աղետներու ժամին’ կոտորած, թշնամու ներխուժում, արշավանքներ, բնական աղետներ’ երաշտ, ժանտախտ, մորեխ: XVII դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսը գրեց մի տաղ, որ պիտի երգվեր այդ «Տեր ողորմեայի» հետ, ան կկոչվեր «Արի աստված»: Հետագայում, XIX դարի վերջերին մտցվեց պատարագի մեջ:

Խորենը զարմանում էր Լուսինեի կատարման բնականության ու ճշգրտության վրա: Եվրոպական դասական երգի, ռուսական ռոմանսի, սերենադի, օպերայի արիաների, օրատորիաների, վոկալ շարքերի վրա ճաշակը կրթած ուսանողուհին անսպասելի գտնում էր իրենը` վաղուց կորցրածը, նախածանոթն ու նախահիմքայինը: Նա դիմում էր հայ երգին ասես բնազդական ու տարերային մղումով, չհասկանալով, թե ինչու և ինչպես է այն ողողում իր էությունը, դառնում միս ու արյուն, ապա հորդում որպես սեփական հոգու ինքնաարտահայտություն, որպես ինքնախոստովանություն:

Ի՞նչ էր դա արդյոք, գեների կանչ, անձնական մաքրության ու առաքինության անդրադա՞րձ, թե խանդավառ նվիրումն լույսին, արդարությանն ու ճշմարտությանը: Խորենը զգում էր, հասկանում, որ Լուսինեն կարողանում է թափանցել երգի հեռավոր հեթանոս ակունքները: Եվ դա նրա ձայնի ֆիզիոլոգիական և միաժամանակ հոգեղեն առանձնահատկությունն էր, մի բնատուր, ոչ ձեռքբերովի բան, մի խոր ու թաքուն հրճվանք` բարոյական մաքրության և առաքինության հանձնարարելի պատվիրանների ինքնակամ կատարումից ծնունդ առնող գոհություն և խանդավառվածության զգացում, որ իրենով ծածկում է ամեն ինչ` մարդկային կյանքի փուշը և խարանը, դառնությունը և դաժանությունը: Ասես թե Լուսինեի ձայնը սահմանազատում էր լույսը խավարից, դա այն նուրբ, ուժեղ լուսավոր գոտին էր, որով լուսաբացը անջատվում էր գիշերից, և մարդկային հոգիները սկսում էին միմյանց կանչել արժալույսի միջից և փնտրել իրար և գտնելուց հետո արտասվալից հրճվանքով պատմել միմյանց, թե ինչքան ծանր ու անտանելի է մարդկային միայնությունը, ինչքան պարապ` վրեժխնդրության զգացումը, ինչքան անիմաստ` դաժանությունն ու կեղծիքը, երբ կա լույսի այս մաքուր ու տաք զվարճախաղը, այգաբացի այս մտերիմ ու պարզ ձայների երջանիկ ներդաշնակությունը, ծաղկի, քարի, ջրի, զեփյուռի բարեկամությունն արևի հետ, խնդության, լացի, ժպիտի, մնացած հույզերի բազմակերպությունն ու բազմիմաստությունը և վերջապես հովտում կանգնած միայնակ կնոջ պարզ գոյությունը, որով շենանում ու լիանում է աստծո աշխարհը:

Խորենը ընբռնեց, որ այս թուխ ու թեթևոտն աղջիկը իր էության մեջ ունի մարդկանց հաշտեցնելու և մաքրելու մեծ ուժ, որ բնական շիթով զարկում է նրա երգի մեջ որպես մաքրագործման հրավեր: Լուսինեն լցվեց նրա էության մեջ, բարձրացավ ու հառնեց որպես անսպասելի հայտնություն:

Որպես հայ հոգևոր և ժողովրդական երգերի հմուտ կատարող Խորեն Պալյանը հանդես եկավ Լուսինեի հետ միաժամանակ: Նրա համերգային գործունեությունը 60-ական թվականների կեսերին շատ բանով նպաստում էր սկսված գեղարվեստական առաջընթացին: Նա հանդես էր գալիս մենահամերգներով, որ ժամանակի մամուլը բարձր է գնահատել, ընդգծելով երգչի կատարումների հայաշունչ մաքրությունն ու գեղեցկությունը:

Խորեն Պալյանը բեմահարթակից հնչեցնում էր հայ հինավուրց երգերը, վեր հանում ժողովրդական և դասական մեղեդիների մոռացված հմայքը, մասսայականացնումը հայրենասիրական ու քաղաքային երգարվեստի հնօրյա արժեքները:

Պալյանի երգա-կատարողական գործունեությունը 60-70-ական թվականներին հանրաճանաչ դարձրին նրան: Նա սովորեցնում էր և կատարում, ելույթներ ունենում ռադիոյով և հեռուստատեսությամբ, մասնակցում մրցույթներին, համերգային ուղևորություններ կատարում երկրի տարբեր քաղաքները, և ամենուրեք նրա երգը ընդունվում էր մեծ բավականությամբ ու սիրով:

Խորենը կողմնորոշում և ուժ էր տալիս Լուսինեին: Համատեղ համերգներում դրսևորվում էր վոկալի և հայ տոհմիկ երգի մասնագետի ոչ միայն հմտությունը, այլև կատարումների թարմությունը, որ շահմուրադյանական կողմնորոշումներից բացի, ուներ նաև հոգևոր երգարվեստից եկող գունա-արտահայտչական ինքնատիպություն:

Խորեն Պալյանը դարձավ Լուսինեի ուղեկիցը, խորհրդատուն և անբաժանելի ընկերը: