Մի տոհմի պատմություն․ ինչպե՞ս կոտորածներից փրկված ՀԱՅԸ դարձավ Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախարար

Լեոն Կարլոս Արսլանյանը՝ հայկական ծագմամբ արգենտինացին, միավորեց երկու շատ հեռավոր երկրների պատմությունները։ Նա ագենտինայում հայտնի մարդ է՝ իր զբաղեցրած պաշտոնների ու երկրում ունեցած հեղինակության համար։ Ներկայացնենք նրա տոհմի պատմությունը։

Լեւոն Արսլանյանը՝ Լեոն Կարլոսի հայրը, հինգ երեխաներից երկրորդն էր։ Նա ծնվել էր 1902 թվականին հայկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարապետը, որն զբաղվում էր մետաքսի ու գորգերի վաճառքով, առողջական խնդիրների պատճառով մահանում է երիտասարդ՝ 35 տարեկան հասակում։ Երեխաները՝ չորս տղաներն ու աղջիկը, մնում են իրենց մոր՝ Եփրուհի Ոչգեզենյանի խնամքին։ 

Եփրուհին ու կրտսեր դուստրը զոհվեցին, երբ 1915-ին Օսմանյան կայսրությունում սկսվեց հայերի համակարգված բնաջնջումը։ Չորս եղբայրներին հաջողվեց կոտորածներից փախչել դեպի Սիրիա՝ Հալեպ։ Երկու տարի շարունակ եղբայրներն անցկացրեցին սիրիական մանկատանը։

Երկու կրտսեր եղբայրները շարունակեցին որբանոցում ապրել մինչեւ 1927 թվականը, երբ նրանք մեկնեցին Արգենտինա։ Արգենտինան գրկաբաց ընդունեց ներգաղթյալներին։ «Արգենտինայում ներգաղթը շատ լավ կազմակերպված գործընթաց էր,- հիշում է Լեոն Կարլոսը,- նավահանգստում հատուկ կանոնակարգ կար եւ նույնիսկ՝ «Ներգաղթյալների հյուրանոց» կոչվող մի մեծ տեղ։ Հայրս ու հորեղբայրս այնտեղ էին հանգրվանել»։ Այդպես ևս մեկ ընտանիք փրկվեց կոտորածից։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։