Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆԸ հայ մատենագրության լուսավորյալներից է․ Գիտե՞ք, թե ինչպիսի ժառանգություն է մեզ թողել․

Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆ ծնվել է Անկյուրայում (այժմ՝ Անկարա, Թուրքիա)։ Եղել է լեզվաբան, բառարանագիր Հարություն Ավգերյանի եղբայրը: 1774թ. մտել է վանք, դարձել հոգևորական։ Ծավալել է բեղմնավոր գրական գործունեություն, թողել ինքնուրույն ու թարգմանական հարուստ ժառանգություն։ Իբրև աստվածաբան՝ հայտնի է բազմաթիվ երկերով, որոնցից ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» աշխատությունն է, ուր ամփոփել և լուսաբանել է «սրբերի կյանքը», կատարել բանասիրական վերլուծություններ ու ճշգրտումներ։

Առանձին արժեք ունի 12-րդ հատորը որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է և աչքի է ընկնում տոնացույցից դուրս մնացած սրբերին վերաբերող տվյալներով։ Նրա գրական ժառանգության պսակը «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ ինչպես ընդունված է ասել՝ «Նոր հայկազեան բառարան»-ն է (հ.1-2, 1836-37թթ)։ Զգալով ավելի գործնական բառարանի անհրաժեշտություն՝ համառոտել է «Նոր հայկազեան բառարան»-ը, կազմել «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846թ.), ուր բառերը ներկայացված են իրենց իմաստային նշանակություններով, քերականական բացատրություններով, շատ անգամ նաև թուրքերեն համարժեքներով։

Հսկայական աշխատանք է կատարել թարգմանության բնագավառում։ Լատիներենից գրաբար է թարգմանել լատին եկեղեցու հայրերի և վարդապետների գործեր, հայերենից լատիներեն՝ հայոց եկեղեցու հայրերի երկեր։ Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Եբրայեցու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1-2, 1818թ.), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ը ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի չափածո և արձակ երկեր։ Մահացել է Վենետիկում։