ՀԱՅՈՒՀԻ, ում անհավատալիորեն հաջողվեց դառնալ «ՀԱՄԼԵՏԻ» բոլոր ժամանակների ԼԱՎԱԳՈՒՅՆ դերակատարը. ՆՐԱ մեծության առաջ խոնարհվում էր ողջ աշխարհը

Սիրանույշ (սիրունիկ, անուշիկ) բեմական անունով, այնուհետեւ դարձել «բեմի իսկական իշխանուհի», «հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը»… Խոր հուզականությամբ, վառ խառնվածքով, կերպարների յուրօրինակ մեկնաբանությամբ Սիրանույշը բարձր գնահատանքի է արժանացել կայսերական թատրոնների վաստակավոր արտիստուհի Մարիա Երմոլովայի, ռուսական եւ խորհրդային դրամատուրգ ու դերասան Ալեքսանդր Յուժինի եւ նրա խաղի ականատես շատ-շատերի կողմից։

Սիրանույշին համարում են շեքսպիրյան դերասան. առանձնակի ուշադրության է արժանացել Համլետի դերակատարումը. խնդիրը այն չէ, որ կինը ներկայացնում է տղամարդու, թեեւ այն եզակի երեւույթներից է. թատրոնում սովորաբար հակառակն է եղել. հիշենք հենց «Համլետում» շրջիկ դերասաններին, երբ կնոջ դերում տղամարդ է, քանզի շատ դեպքերում կնոջ համար բեմ բարձրանալը ոչ միայն ամոթալի էր, այլեւ արգելված։ Համլետի դերի ստանձնումը, իհարկե, կարծրատիպ կոտրելը չէր, ոչ էլ նախորդների հետ մրցակցելը.

Հազիվ թե մեկնումեկը հիշի Օթելլոյի կին դերակատար, մինչդեռ Համլետի դերակատար տղամարդիկ նույն հաջողությամբ կերտել են նաեւ Օթելլոյի կերպարը, ինչպես Ռիչարդ Բյորբեջը,  Դեւիդ Գարիկը, Էդմունդ Քինը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը եւ այլն… Խնդիրը, թերեւս, Համլետի ոչ այնքան տղամարդ, որքան գաղափարական  լինելու հանգամանքն է, այն, ինչ բացակայում է Օֆելյայի ու շատ կանանց, ինչպես նաեւ Օթելլոյի կերպարների դեպքում… Բազմաթիվ ու բազմազան դերեր կերտած տաղանդավոր դերասանուհիները իրենց խաղացանկում պիտի երազեին այնպիսի խոր, գաղափարական հենքի վրա կառուցված, հետաքրքիր լուծումներով կերպարի մասին, որպիսին Համլետն է՝ բոլոր ժամանակների հարցականների մասին մտորողը, լինել-չլինելու երկվության առջեւ կանգնած փիլիսոփան…

Սիրանույշը իր երազած Համլետի կերպարի վրա աշխատել է շուրջ տասը տարի, ուսումնասիրել, լիովին պատրաստել եւ նոր միայն համարձակվել հանձնել հանդիսատեսի խստագույն դատին, ով ոչ միայն պիտի մոռանար, որ բեմի վրա կին է տղամարդ մարմնավորողը, այլեւ թափանցեր կերպարի խորքը, իսկ Համլետի դերը դառնար դերակատարի դերերի դատաստանն ու հանրագումարը, ինչը Սիրանույշի համար հուսադրող հիմքեր ուներ. «Իմ առաջին խաղը պարգեւում էր ինձ այն հույսը, որ ապագային Շեքսպիրի այս թանկագին գործը իմ ամենահաջող եւ ուժեղ դերերեն մին պիտի համարվեր»։

Այդպես էլ եղավ. Սիրանույշին ընդունեցին ոչ միայն շեքսպիրյան մակարդակի դերասանուհի, այլեւ Համլետի կերպարի լավագույն կերտողներից մեկը, եւ սա ամենեւին զիջում չէր կին տեսակի հանդեպ, քանզի Համլետի «դերակատարութեան մէջ Սիրանոյշ կարողացած է բոլոր երանգները ներկայացնել», ինչն արդեն հայտնի է դարձնում նաեւ ինչպեսը…