ՀԱՅ մատենագիր ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՑՈՒ աշխատությունները դասվում են համաշխարհային մատենագրության ԳԱՆՁԵՐԻ շարքին․ Գիտե՞ք, թե ինչպես է այն հայտնաբերվել․

Մատենագիր ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՑԻ ծնվել է Զամոշչում (Լեհաստանում), Կաֆայից (Թեոդոսիա) Լեհաստան գաղթած մահտեսի Մարտիրոսի և Դովլաթ Խաթունի ընտանիքում։ 1608-19թթ ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ Այնուհետև հաստատվել է Լվովում, տեղի հայկական դպրոցում եղել ուսուցիչ (1624-27թթ), զբաղվել գրական աշխատանքով և գրչությամբ։ Նրա երկասիրություններից արժեքավոր է հատկապես «Ուղեգրութիւնը», որն ըստ ճամփորդական գրառումների, տեսածի ու լսածի, շարադրել է 1619-25թթ։ Այն ձևով և բովանդակությամբ եզակի երևույթ է հայ միջնադարյան գրականության մեջ։ Մեծ տեղ է տրված ժողովուրդների սովորությունների, կենցաղի, բարքերի, կրոնական ծեսերի, ճարտարապետական հուշարձանների նկարագրությանը, արժեքավոր տեղեկություններ կան արհեստների, առևտրի, հողագործության, հասարակական հարաբերությունների վերաբերյալ։

Օսմանյան Թուրքիային վերաբերող հատվածում վեր են հանված իշխանությունների կամայականությունները սուլթանության իրավազուրկ ժողովուրդների՝ հայերի, հույների, արաբների նկատմամբ։ «Ուղեգրութիւն» երկը հայտնաբերել է անվանի հայագետ Ներսես Ակինյանը Լվովի արխիվներում պրպտումների ընթացքում և հրատարակել «Հանդես ամսօրյա»-ում 1932-35թթ, ապա՝ 1936թ., առանձին հատորով, իսկ 1997թ. լույս է տեսել Արշակ Մադոյանի աշխարհաբար թարգմանությամբ։

Պատմական մեծ արժեք ունեն նաև նրա հիշատակարանները։ 1636թ. ընդօրինակված Վարդանի «Մեկնութիւն Հնգամատենին» ձեռագրի ընդարձակ հիշատակարանում հարուստ նյութ կա 1630-36թթ քաղաքական իրադարձությունների, Լեհաստանի հայերի բռնի դավանափոխության վերաբերյալ։ Հանգել է իր ժամանակի համար ուշագրավ եզրակացության, որ սեփական քաղաքական իշխանության բացակայության պայմաններում հայերի գլխավոր խնդիրն է գոյատևումը՝ մայրենի լեզվի, դպրոցի, լուսավորչական կրոնի և եկեղեցու պահպանմամբ։ Հեղինակել է նաև պանդխտության երգեր («Յաշխարհս ես շուրջ եկի» և այլն), որոնք ներշնչված են ժանրին հատուկ հայրենասիրությամբ։ Գրել է գրաբարախառն աշխարհաբարով։ Եղել է իր ժամանակի ամենաբեղուն գրիչներից։ Ընդօրինակել է մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից պահպանվել են 12-ը։  Մահացել է Լվովում: