Տաղանդ և բթամտություն. միայն իմանաք՝ ինչպես 19-20 տարեկան աղքատ և թերուս ՀԱՅ երիտասարդը հասավ ՓԱՐԻԶ և մեծ հեղինակություն ձեռք բերեց

Կարապետ Գալֆայան անունով մի 19-20 տարեկան աղքատ, թերուս երիտասարդ Տաճկաստանից ընկնում է Թիֆլիս: Այդ երիտասարդը սրտում բեմական արվեստի բուռն սեր ունենալով և իր մեջ զգալով դերասանական կոչումն` մերկ ու մենակ այնքան դես ու դեն է ընկնում, որ մի կերպ հաջողեցնում է, գնում է Փարիզ բեմական արվեստն ուսանելու: Հայ մամուլում իր անվան շուրջ ստեղծել է մեծ աղմուկ։ Ոմանք («Տարազ») նրան համարել են բացառիկ տաղանդի տեր դերասան, ուրիշներ («Մուրճ»)՝ որպես մի պատահականություն։ Պաշտպանողների թվում էր նաև Հովհաննես Թումանյանը։

Այստեղ ի՞նչ կա պախարակելի:

-Ոչինչ:

Մարդիկ կան, որոնք հավանում են նրան, միչև անգամ շատ են հավանում և թանկագին հույսեր են դնում վրան:

Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին:

Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչու՞ են ուղարկել, ի˜նչ բան է նա, ամո˜թ, խայտառակություն և այլն:

Անցնում են ամիսներ: Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետը Մունե Սյուլլի հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն դարձնում են ողբերգու դերասան: Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում:

Նպաստը մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամուլի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկածին:

Ժամանակ է անցնում: Երիտասարդին Փարիզում մի ընտիր հասարակության ու զանազան երկրների թղթակիցների ներկայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք: Երիտասարդը փայլուն հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Փարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրենց կարծիքը, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախատեսնում…

Բոթը հասնում է հայոց աշխարհի իմաստուններին: Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը… (Մուրճ, N 10-11, Սևյան, էջ 1578):

Այս ի՞նչ բան է, ի՞նչ են ուզում այս մարդիկ, ինչու՞ են այսպես երդված հակառակ կանգնել:

Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական:

Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը. նրա պղտոր գիտակցությունը ավելի խառնվում է ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները: Աչքերը արյուն կոխած, հանդգուն ու համառ, հաստ ճակատը դեմ արած հարձակվում է նա անհաշտ ու անդադար: Մի անգամ վրդովվել, վեր է կացել, այլևս դժվար է նրան զսպել: Զղջում, ամոթ, խղճահարություն… Էլ ոչ մի բան ետ չի պահիլ նրան, մինչև զոհի շունչը կտրի, չխեղդի, որ հանգստանա: Եվ նա միշտ խեղդում է ու աշխատում է խեղդել… բայց եթե այդ պայքարում, հանգամանքների բերմունքով, տաղանդը պատռում է իր շրջապատը, հաղթող է հանդիսանում ու փայլատակում իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ, այն ժամանակ նա, այդ բթամտությունը’ զարհուրած, ապուշ կտրած իրան է քաշում ոճրագործ ձեռքը, շշկլած, հիացած աղաղակում է այդ իրանից մեծ հրեշի առաջ, երկրպագում է, կեցցեներով ու պսակներով գալիս անամոթ ճակատով կանգնում, թե դու իմ կուռքն ես, և ճգնում է հավատացնել, որ ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան…
Բայց չպետք է հավատալ, թե արդեն նա փոխեց իր խավար բնությունը: Ո´չ, անհաշտ ու անվերջ է այդ մաքառումն, քանի որ կան տաղանդն ու բթամտությունը: Նա հաղթվեց, տեղի տվեց, ինչպես իրանից ավելի զորեղ ուժի հանդիպած մի տարր, բայց իր սպանիչ ուժով այժմ էլ մի ուրիշ «նորածին» տաղանդի վրա է ծանրացել խեղդելու, ճիշտ առասպելական այն հին դևի նման, որ, ըստ ավանդության, աշխատում էր դեռ օրորցում խեղդել այն երեխաներին, որոնք ճակատին շնորհքի նշան կունենային: Եվ ահա ծաղրում է, հռհռում, զարմանում, զայրանում, եռում, փրփրում և ուզում է խորտակել անճոռնի ոտների տակ:

Տաղանդը` կյանքի արահետը թողած` ձգտում է դեպի վեր:

-Խե˜նթը, խե˜նթը… աղաղակում է նա. այծե˜ր ունի դա, այծե˜ր… հե˜յ, հու˜յ, հա´, հա´, հա´, հա´…
Տաղանդը իր ոգևորության մեջ բարձր հայտնում է իր կոչումը:

-Ա´յ դու հանդգուն, լիրբ, անպատկառ, խելառ. վա´յ, վա´յ, վա´յ, վա´յ…

Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հանեց տաղանդին այս վանդալական վտանգի մեյդանից:

-Հե˜յ, ու՞ր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք, այստեղ տվեք, ու՞ր եք տանում… Օ˜, խայտառակությու˜ն, վա˜յ, հարա˜յ, դա խե˜նթ է, դա խե˜նթ է…

-Սա տաղանդ է, հրճվանքով վկայում է հովանավոր ոգին:

-Օ´, դու էլ ես խենթ, դու էլ ես հիմար, դու էլ չես հասկանում…

Սակայն ոմանք արդեն շշնջում են- «Մե˜նք… մենք նրան չենք տեսել… մենք այծեր չէինք ասում… մենք… կայծեր էինք ասում…»:

Գալֆայանը իր մեծախորհուրդ ճանապարհի այս կետին է հասել:

Հովհաննես Թումանյան «Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ»