Դալայ Լամայից անձամբ հարցազրույց վերցրած հայը․ նա ամբողջ աշխարհը ոտքի տակ տվեց ու հասավ Տիբեթ

Ձեզ ենք ներկայացնում Տիգրան Կույումջյանի կյանքի պատմությունը, ով մեծ հայագետ էր։ Նա եղել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ուսուցիչը, ճամփորդել է աշխարհով մեկ և վերջապես հարցազրույց վերցրել Դալայ Լամայից։

Տասնութ տարեկանում թողնում է հարազատ տունը՝ ֆիզիկական քիմիա ուսումնասիրելու նպատակով, հետո շրջվում դեպի ճարտարագիտություն: Ընդունվելով Վիսկոնսինի համալսարան՝ նա հետաքրքրվում է Եվրոպայի մշակութային պատմությամբ:

1957թ. հունվարին, արդեն դիպլոմավորված մասնագետ, Տիգրանը զինծառայության է անցնում Վաշինգտոնում՝ որպես ամերիկյան բանակի պահեստային սպա: 1958 թվականին, որպես «Down Beat Jazz Magazine» ամսագրի լրագրող, նա մեկնում է Բրյուսել՝ լուսաբանելու այնտեղ բացված համաշխարհային ցուցահանդեսը:

Հետո Ամերիկա վերադառնալու փոխարեն շարունակում է իր ուղին դեպի Բեյրութ, որտեղ գտնում է Ռումինիայի Կույումջյանների ընտանիքի մի մասին: 1959թ. մարտին երկար ճամփորդություն է ձեռնարկում դեպի Հնդկաստան՝ «International Press Service» գործակալության համար հարցազրույց վերցնելու Դալայ Լամայից, որը նոր էր լքել չինական բանակի կողմից գրավված իր ծննդավայր Տիբեթը`ապաստան գտնելով Հնդկաստանի հյուսիսում, սահմանի մերձակայքում:

Կտրել-անցնելով Սիրիան, Թուրքիան, Իրանը, Պակիստանը՝ Տիգրանը, ի վերջո, հասնում է Հնդկաստան եւ բազում դժվարություններից հետո զրուցում Տիբեթի հոգեւոր առաջնորդի հետ՝ Հիմալայան լեռնաշղթայում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։