«Ֆրունզիկը խոստացել էր ամուսնանալ ինձ հետ». գիտե՞ք՝ ում էր նման բան խոստացել ՀԱՆՃԱՐԵՂ ԴԵՐԱՍԱՆԸ

«Ազբուկա» հրատարակչությունը թողարկել է ՎԻԿՏՈՐՅԱ ՏՈԿՈՐԵՎԱՅԻ նոր գիրքը «Այնպես վատ է, ինչպես այսօր» վերնագրով: Գրքում տեղ են գտել 8 հրաշալի պատմվածքներ, որոնց առանցքում սիրո թեման է: Զուր չէ, որ Վիկտորյա Սամոյլովնային անվանում են ռուսական Ֆրանսուազ Սագան: Ժամանակի հետ Տոկորեւայի գրքերը չեն կորցնում իրենց արդիականությունը: Նա հայտնի եւ սիրելի սցենարիստ է, նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը այսօր գտնվում են ռուսական կինոյի ոսկե ֆոնդում: «Հաջողության ջենտլմենները», «Միմինո»…

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը անդրադարձել է Տոկորեւայի գրքին եւ ներկայացրել մի հատված «պատմվածք» կինոշարքից, որի հերոսները ճանաչված են, իսկ գործողությունները` իրական:

Տոկորեւան այդ պատմվածքում նաեւ անդրադառնում է տաղանդավոր դերասան ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: Այդ պատմվածքից պարզվում է, որ Մկրտչյանը սիրո առաջարկ է արել ռուս հայտնի սցենարիստին եւ անգամ խոստացել ամուսնանալ նրա հետ:
Ընթերցողին ենք ներկայացնում պատմվածքից հատվածներ:

«Նկարահանման հրապարակ ժամանեց Ֆրունզիկ Մկրտչյանը, «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գ.Դանելիան մեզ ծանոթացրեց. «Նա ֆիլմի սցենարիստն է»,- այսպես մեզ ներկայացրեց Դանելիան: Ֆրունզիկն ուշադիր նայեց ինձ ու ասաց. «Նման է…»: Հետո մտածեց եւ ի սրտե առաջարկություն արեց.

—  Արի ինձ մոտ հյուրանոց:

—  Ինչո՞ւ:

Թեպետ հարցս անհեթեթ էր, էլ ինչո՞ւ պիտի երիտասարդ կնոջը տղամարդը հյուրանոց հրավիրեր:

— Կամուսնանամ,- հաստատեց Ֆրունզիկը:

Գրողը տանի, որ ես չանհանգստանամ հետեւանքների համար: Ես նայեցի նրա վրա եւ տեսա, որ նա գինովցած է ու միայնակ:
— Ոչ, չեմ գա,- անկեղծ ասացի ես, որպեսզի մարդուն թյուրիմացության մեջ չգցեմ: Ֆրունզիկը չնեղացավ:

«ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ.
ԾԻԾԱՂԵԼԻ, «ԾԱՆՐ» ՔԹՈՎ ԵՎ ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐՈՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀԱՅ ՄԱՐԴ»

Մի անգամ դերասաններից մեկը նրան ասաց. «Ինչո՞ւ է քո անունը Ֆրունզե, չէ որ այն ազգանուն է», եւ բոլորը միանգամից գլխի ընկան, որ Ֆրունզեն, իսկապես, լեգենդար ազգանուն է: Ֆրունզե Մկրտչյան, նույնն է, թե Պետրով, Սիդորով: Մկրտչյանն իր համար ընտրել էր հին հայկական անուն` Մհեր, հիմա լուսագրերում նշվում է Մհեր Մկրտչյան անուն ազգանունը: Այս դեպքում էլ շատերն իրար հարցնում էին’ Մհե՞ր, ո«վ է այդ Մհերը, Ֆրունզիկն է,- պատասխանում էին մյուսները: Ա-, թեթեւ արտաշնչում էր հանդիսատեսը: Ֆրունզիկ անունը չես անջատի Մկրտչյանից, Ֆրունզիկ Մկրտչյան բառակապակցության հետեւում կանգնած էր հուզիչ, ծիծաղելի, «ծանր» քթով եւ տխուր աչքերով տաղանդավոր հայ մարդ: Նրան սիրում էին…
ՙ
«ԵԹԵ ԲՈՒԺՎԵՐ
ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿԱՐՈՂ ԷՐ ԲՈՒԺՎԵԼ ՆԱԵՎ ՏԱՂԱՆԴԻՑ»

Ֆրունզիկը տառապում էր տաղանդի պաթոլոգիայով եւ խմիչքի հանդեպ թուլությամբ, նա չէր բուժվում, որովհետեւ, եթե բուժվեր հարբեցողությունից, կարող էր բուժվել նաեւ տաղանդից: Այս 2 բաները փոխկապակցված են: Սակայն կինոժապավենը դաժան բան է, նա ամեն ինչ նկատում է:

Մի անգամ Դանելիան նրան նկատողություն արեց.

— Դու հարբած ես, եւ դա ակնհայտ է,- ասաց ռեժիսորը,- արի պայմանավորվենք, դու երկու շաբաթ ոչ մի կաթիլ չես խմում, ես քեզ նկարահանեմ, իսկ հետո` արա այն, ինչ ուզում ես:

Երկու շաբաթ անց Ֆրունզիկը մոտեցել է Տոկորեւային եւ ուրախ հայտնել.

— Ես արդեն 14-րդ օրն է, ինչ չեմ խմում եւ ինձ շատ լավ եմ զգում:

Այժմ հասկանում եմ, թե ինչու են ապաշնորհ մարդիկ գրավում աշխարհը: Մի պահ ես պատկերացրի, թե ինչպես են սթափ ապաշնորհներն առավոտյան արթնանում, մարզանք անում, լոգանք ընդունում եւ կենսախինդ ու առույգ գնում ու գրավում իրենց տեղերը Դումայում: Իսկ հարբած մարդն արթանում է, տանջվում, տառապում լյարդի ցավից ու ընկճախտի մեջ է ընկնում: Էլ ինչ կարիերայի մասին կարող է խոսք լինել: Հազիվ թե ոտքերը մինչեւ զուգարան հասցնի…