«Վարանդայում ընկերոջ հետ մինչև վերջին փամփուշտը կռվել են, չեն նահանջել ու կողք կողքի էլ անմահացել են». ՀԵՐՈՍ Արտյոմի մարմինը գտան 10 ամիս անց միայն

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Արտյոմ Ռոլանդի Ստեփանյան:

Հերոս Արտյոմը նռնականետորդ էր: Ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: Որոշել էր անպայման ծառայել ու զորակոչվում է հայոց բանակ 2019 թվականին: Վիճակահանությամբ` ծառայությունը պիտի անցկացներ Մարտունի 2-ում:

Ու սեպտեմբեր 27…

Նա պատերազմի հենց առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում ու մինչև վերջ կռիվ է տվել: եղել է Մարտունիում, Կարմիր Շուկայում, Վարադայում: Հենց վերջին կետում էլ զոհվել է հերոսը ընկերոջ հետ միասին մինչև վերջ կռիվ տալուց հետո հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը:

Հերոսին մարմինը գտել ու հուղարկավորել են 10 ամիս անց միայն:

Արտյոմ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: