Հիշու՞մ եք՝ որն է եղել ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ գեղարվեստական կինոնկարը. ինչպե՞ս ստեղծվեց ՀԱՅԿԻՆՈՅԻ առաջնեկը և ի՞նչ ողբերգական ավարտ ունեցավ նրանց սերը

Եվս երեք տարի, եւ հայկական կինոարվեստը կնշանավորի մեր առաջին գեղարվեստական կինոնկարի՝ «Նամուսի» հարյուրամյակը: Բայց մինչ ֆիլմին անդրադառնալը տեղին է վերհիշել, թե երբ եւ ովքեր են եղել այս զարմանահրաշ իրողության ստեղծման ակունքներում. կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են, ովքեր 1895 թ. հայտնագործել են շարժվող լուսանկարների նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել եւ անվանվել է կինեմատոգրաֆ: Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի, որպես ժանր, ծնունդը տեղի է ունեցել վերոնշյալ թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցիների Գրանտ կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի է ունենում կինոնկարային առաջին ցուցադրումը:

 «Նամուսը», որ ժամանակին այն հայտնության նման մի բան է եղել հանրության համար, դարձավ հայ կինոարտադրության անդարնիկ ֆիլմը: 

Երիտասարդ զույգի՝ Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրո մասին պատմող կինոնկարը մեծ հնչեղություն էր ունենալու՝ 1926 թ. ցուցադրվելով նաեւ Մոսկվայում: Ֆիլմի հաջողության նախապայմանը ոչ միայն ասելիքի դրամատիզմով էր պայմանավորված, այլեւ մեծ կինոռեժիսորի նախնըտրած դերասանական կազմով, դեմքեր, որոնցից շատերին հանդիսատեսը թատերական ներկայացումներից էր ճանաչում: Հիմա նրանք՝ տաղանդավոր ու հարազատ այդ երեւելիները հայտնվել էին էկրաններին: Եվ ինչպե՞ս կարող էր չսիրվել մի ֆիլմ, որում բեմական հսկա արտիստներ էին՝ Հովհաննես Աբելյան՝ Բարխուդար, Հրաչյա Ներսիսյան՝ Ռուստամ, Ավետ Ավետիսյան՝ Հայրապետ, Համբարձում Խաչանյան՝ Բադալ, Հասմիկ՝ Մարիամ, Օլգա Մայսուրյան՝ Գյուլնազ, Նինա Մանուչարյան՝ Շպանիկ եւ էլի սիրված դերասաններ՝ Միքայել Գարագաշ, Արմեն Գուլակյան, Պահարե՝ արտիստական շքեղ մի բույլ, որոնցից յուրաքանչյուրն իրենով մի թատրոն կարող էր ներկայացնել: 

Իսկ ովքե՞ր էին գլխավոր հերոսների՝ Սեյրանի եւ Սուսանի դերակատարները. Սամվել Մկրտչյան, Մարիա Շահուբաթյան-Տատիեւա, որոնց խոր ու ապրված կերպավորումները պիտի որ երաշխիք լինեին կրկին հայտնվելու հետայդու նկարահանվող հայկական հանրահայտ ֆիլմերում: Գուցեեւ նկարահանվել են այլ ֆիլմերում նույնպես, սակայն հանրաճանաչների թվում նրանց անունները չեղան… 

1925-ին ստեղծված «Նամուսը» վերականգնվել եւ ձայնագրվել է 1969 թ.՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հետագա տասնամյակներում այստեղ են կյանքի կոչվել հայկական գեղարվեստական լավագույն այն ֆիլմերից շատերը, որոնք այսօր էլ շարունակում են մնալ իբրեւ գլուխգործոցներ: «Նամուսը» դրանց նախակարապետն էր ու կմնա որպես հայկինոյի առաջնեկ: Թեգեր: ՆամուսՖիլմ