«Պատերազմի առաջին օրը, հաշվի չառնելով իր առողաջական խնդիրները, առանց մտածելու մեկնեց Օմար». Գետաշենցի Մելիքը հենց նրա ազատության համար տվեց կյանքը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք հայրենիքի համար չխնայած անմար լույսերից ևս մեկին. Մելիք Արամայիսի Մամիկոնյան:

Մեր հերոս Մելիքը նռնականետորդ էր: Ծնվել է 1997 թվականին Վարդենիս քաղաքի Փոքր Մասրիկ գյուղում: Արմատներով Գետաշենցի էր, ու կարծես ճակատագրով հենց նրա ազատության համար էլ տալու էր կյանքը: Իր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո որոշում է ընտրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը և անցնում է պայմանագրային զինծառայության Քարվաճառում:

Ու սկսվում է չարաբաստիկ 44-օրյան…

Հերոսը, չնայած առողջական խնդիրներ ուներ, ոչինչ հաշվի չառավ ու հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ: Օմարի արծիվներից մեկն էր: Նա կռվել է Շահումյանի ու Գետաշենի ազատության համար և ավաղ հենց այնտեղ էլ զոհվել է. Արցախի գրկում, Արցախի համար…

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: