ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, մեր բեմի ամենաբարի ԴԵՄՔԸ, ով իր հիասքանչ խաղով կարողանում էր այլոց ցավ ու վշտի պատճառ դառնալ. ՆՐԱ ո՞ր դերն եք ամենից լավ հիշում

Մեր բեմի ու կինոյի անկրկնելի դեմքերից է եւ Ավետ Ավետիսյանը, ով վաստակել է ոչ միայն ՀԽՍՀ, այլեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը, կոչում, որ չէր շռայլվում խորհրդային ժամանակներում եւ տրվում էր բացառիկ տաղանդներին, իսկ Ավետ Ավետիսյանի նման մոնումենտալ արտիստը ցանկացած բեմի պարծանքը կարող էր լինել։ Նրան շատ բան պետք չէր կերպար մատուցելու համար` քչախոս, ժլատ շարժումներով, պատի նման ինքն իրեն պարսպած, ծանրակշիռ կերպարանքով, ազդեցիկ հայացքով, հոնքերի խորամանկ ու դավադիր աղեղով իսկույն գրավում է հանդիսատեսի ուշադրությունը։ 

Ավետիսյանի կերտած կերպարները մեկը մյուսից վառ անհատականություններ են` միջավայրից տարբերվող կամ միջավայրի էությունը բացահայտող, այն ցցուն ու առավել դրամատիզացնող, որով էլ արտիստը նպաստում է նաեւ խաղընկերների կերտած կերպարների լուսաբանմանը։ Եթե Հրաչյա Ներսիսյանի, Վահրամ Փափազյանի կերտած կերպարներն են ցավ, դրամատիզմ ու ողբերգություն ապրում, ապա Ավետիսյանի կերպարներն իրենք են դառնում այլոց ցավ ու վշտերի պատճառ։

Հանդարտ, սեփական աշխարհն ստեղծած ու այդ աշխարհը միջավայրին անվրդով թելադրող` մինչեւ այլոց համար երգիծանքի ցանցն հյուսող ու նաեւ դրա մեջ ընկնող մոնումենտալ կերպարներն անմոռաց են գավազանին հենված, մատների մեջ թզբեհ խաղացնող, սոսկ մատների կույր հաշվապահությամբ քսակի պարունակությունը կշռող, ուրիշի ցավին հոնքաղեղի ասես գուհունակ ժպիտով արձագանքող, նաեւ շուրթերի նուրբ թրթիռով աշխարհի` մի կողմից հաստատությունն ապացուցող, մյուս կողմից` այդ աշխարհի խարխուլ հիմքերն ընդգծող առանձնահատուկ ոճով։

Ավետ Ավետիսյան մարդը, սակայն, իր կերտած հիշյալ կերպարների, ապրելաոճի հակադրությունն է. նրա անձը առավել ներդաշնակ է մի այլ կերպարի` սպիտակ կիտելով, լայնեզր գլխարկը ձեռքը, Ոսկե աստղը կրծքին, պատերազմի բովով անցած, շատ բան տեսած, լայնախոհ, բարի ու կամեցող կոլտնտեսության նախագահ Բուռնազյանին («Ինչո՞ւ է աղմկում գետը»)։

Ավետ Ավետիսյանի բեմական բուն գործունեությունն սկսվել է բանակից զորացրվելուց հետո. խաղացել է Բաքվում, Թիֆլիսում` Հովհաննես Աբելյանի, այնուհետեւ Ղարաքիլիսայում (Վանաձոր)` Համո Խարազյանի թատերախմբերում։ Ի վերջո, 1922 թ., Ավետ Ավետիսյանը տեղափոխվում է Երեւան, մասնակցում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրմանը եւ խարիսխ գցում այնտեղ՝ մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնալով մայր թատրոնին, նկարահանվում բազմաթիվ ֆիլմերում։ Ավետ Ավետիսյանը վախճանվել է Երեւանում` 1971 թվականին: