«Մի ծերունի Սարդարապատում մոտեցավ ու ձեռքս համբուրեց, դա ինձ համար մեծագույն պարգևն էր». ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ քանդակագործ, ով ստեղծեց մեր «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

1967 թվական. արդեն պատմություն էին դարձել անհատի պաշտամունքի զազրելի ու զարհուրելի տարիները, երբ ամենուր տապալված էին խորհրդային գլխավոր մարդակերի՝ Ջուղաշվիլի Ստալին կոչվածի հուշարձանները, մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում հառնեց «Մայր Հայաստան» գեղաշուք հուշակոթողը: Իսկ մինչեւ 1961 թ. դրա պատվանդանին այս հրեշի 17 մետրանոց հուշարձանն էր: Այն տապալելուց հետո երկար տարիներ պատվանդանը մնում էր թափուր. մտածում էին, թե նրան կփոխարինի մեկ այլ հայատյացի՝ Լենինի քանդակը: Բարեբախտաբար, այդպես չեղավ…

Եվ հառնելու էր 15 տոննա քաշով, 22 մետր բարձրությամբ կոթողը՝ հայուհու կերպարով: Հետաքրքիր է, որ այն նաեւ բնորդ է ունեցել՝ Եվգենյա Մուրադյան անուն-ազգանունով 17-ամյա գեղեցկադեմ մի աղջիկ, որին քանդակագործը նկատել էր բանջարեղենի խանութում եւ որոշել, որ հենց նա պետք է բնորդի Մայր Հայաստանին: Հետո խնդրելու էր աղջկա մայրիկին՝ աղջկան ուղեկցել իր արվեստանոց, սակայն մայրը թույլ չէր տալու: Ավելի ուշ Եվգենյան եղբոր հետ էր գնալու արվեստանոց, եւ 4-5 այցի ընթացքում Արա Հարությունյանը քանդակելու էր նրա դեմքը, եւ տեւական աշխատանքներից հետո հառնելու էր Հայաստանի ամենաբարձր հուշարձանը:

Իսկ այդ հրաշքի հեղինկան էր Արա Հարությունյանը:

Անվանի արվեստագետն առաջիններից է մեր իրականության մեջ ստեղծել քանդակագործության, ճարտարապետության տարածական համալիրներ՝ մայր թատրոնի քանդակահամալիրը՝ թատրոնի մուտքը, Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի բացումից հետո մի ծերունու՝ իր ձեռքն համբուրելն էր համարելու իր վաստակի մեծագույն գնահատականը. «Բարձրագույն պարգեւ ինձ համար եղավ, երբ մի ծերունի ձեռքս համբուրեց Սարդարապատում, շատ անհարմար զգացի, բայց եւ շատ հուզվեցի…»: Քանդակագործը հեղինակ է նաեւ մշակութային, հասարակական շենքերի թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին եւ արտաքին քանդակազարդումների՝

1978-ին Հարությունյանը կերտում է Ֆրանսիայի հակաֆաշիստական դիմադրության ղեկավար, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը, որն իր տեղն է գտնում Փարիզի Իվրի արվարձանում: 10 տարի անց ստեղծում է Ասիայի առաջին կին նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը: Խորհրդային Միության անունից է այն նվիրաբերվում Կորասոնին… Այսպիսին է իսկական արվեստի ուժը՝ մերձեցնող, մտերմացնող ու մնայուն: