Այս ՀԱՅԻ պատմվածքները թարգմանվել են վրացերեն, բելոռուսերեն, լատիշերեն, բուլղարերեն, սլովակերեն, գերմաներեն, Հնդկաստանի մի քանի լեզուներով. ՃԱՆԱՉԵՑԻ՛Ք ՆՐԱՆ. 

Արձակագիր, դրամատուրգ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ ծնվել է 1936թ. հուլիսի 30-ին, ՌԴ Սիմֆերոպոլ քաղաքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1982-86թթ և 2004-05թթ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1986-88թթ` Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: 1994թ-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրականության բաժնի վարիչն է։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, վիպակներ, վեպեր, նովելներ, պիեսներ, գրաքննադատական և հրապարակախոսական հոդվածներ:

Հրատարակվել են նրա «Ետ մի նայիր» (1963թ.), «Կարկանդակները» (1964թ.), «Շոգ ամառ» (1965թ.), «Արագածի ձյուները» (1967թ.), «Սովետահայ պատմվածք» (1968թ.), «Խաղաղ զորանոցներ» (1973թ.), «Քննադատության ժամանակը» (1977թ.), «Մենախոսության ժամեր» (1981թ.), «Կապույտ Երզնկա» (1985թ.), «Ընտիր երկեր» (1986թ.), «Ճամփաներ և ճամփորդներ» (1988թ.), «Եփրատ» (1990թ.), «Վահան Թոթովենց» (1992թ.), «Սփյուռքի բարեկամիս» (1995թ.), «Դավայաթաղ» (1997թ.), «Ապոկալիպսիս» (1999թ.), «Թաղման թափոր» (2000թ.), «Համաճարակ» (2003թ.), «Տեսիլք» (2004թ.), «Մրջնանոց» (2006թ.), «Սև քառակուսի կարմիր անապատում» (2008թ.), «Ծաղրածուն մեծ քաղաքում» (2010թ.), «Պարականոն» (վիպակներ և պատմվածքներ, 2012թ.) «Ազատության ստրկություն» (2014թ.) և այլ գրքեր։ Գրել է նաև պիեսներ` «Ներկաներ և բացականեր» (1985թ.), «Սպանության վկաները» (1991թ.), «Կինը և տղամարդը» (1997թ.), որոնք բեմադրվել են Երևանի դրամատիկական թատրոնում։ Նրա պատմվածքների հիման վրա նկարահանվել է «Վերջին կիրակին» (1984թ.) գեղարվեստական ֆիլմը։ 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Նրա պատմվածքները թարգմանվել են վրացերեն, բելոռուսերեն, լատիշերեն, բուլղարերեն, սլովակերեն, անգլերեն, գերմաներեն, Հնդկաստանի մի քանի լեզուներով։ 1981թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2002թ.՝ «Վահագն» համահայկական գրական մրցանակի («Կինը և տղամարդը» դրամայի համար), 2006թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2009թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին («Սև քառակուսի կարմիր անապատում» գրքի համար) և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։