ՀԱՅ կինոյի ու թատրոնի ԼԵԳԵՆԴԸ, ով դարձավ ՖՐՈՒՆԶԻԿԻ կնքահայրը, նրա կյանքի ու բեմի ՄԵԾ ԸՆԿԵՐԸ. ՆՐԱՆՑ սրտերը միասին էլ դադարեցին բաբախել

«Նրան վաղուց եմ ճանաչել՝ տասնվեց տարեկանում, երբ ընդունվեցի Լենինականի թատրոն: Անմիջապես ընկերը դարձա: Ես երեխա էի, ինքը՝ մեծ մարդ: Մի օր էլ ձեռքս բռնեց, տարավ կանգառ ու ասաց՝ եթե դու տաղանդավոր ես, պիտի գնաս Երեւան ու սովորես: Ո՞նց, զարմացա ես: Տես, գնացքը եկավ, նստի ու գնա: Առանց տոմսի նստեցի գնացք ու եկա թատերական ինստիտուտ… 

…Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ, խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ: Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը: Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի: Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է. համաժողովրդական է, համամարդկային…»: 

Մհեր Մկրտչյան

Ազատ Շերենց. թատերական ու կինոաշխարհի մարդիկ նրան բնութագրում են որպես մեծ երեխայի, համեմատում բնական թանկարժեք, բայց անմշակ, չհղկված քարի հետ կամ հողից դուրս եկած կոճղարմատի, ընդգծում նրա միամտության հասնող պարզությունն ու անկեղծությունը, նմանեցնում ժողովրդական բանահյուսության հերոսի: Այս ամենը շաղախված է նաեւ Շերենց մարդու եւ դերասանի անսահման բարությամբ, բնականությամբ, անկեցվածք խաղով ու կենսակերպով:

Ժողովրդականի կոչման չներկայացված Ազատ Շերենցը սակավաթիվ այդ բացառիկներից էր՝ էպիզոդիկ, ոչ կենտրոնական, փոքր դերեր, որոնցում, սակայն, արտացոլվում էին նրա նախանձելի վարպետությունն ու անշփոթելի անհատականությունը, դերասանական որեւէ «շկոլայից» դուրս լինելն ու ընդգծված ինքնատիպությունը:

Ի դեպ, հենց Ազատ Շերենցն է եղել Ֆրունզիկի «կնքահայրը» արվեստում՝ «Եթե տաղանդավոր ես, պիտի գնաս Երեւան սովորելու…»: Հետո նրանց մտերմությունն ավելի էր խորանալու, շարունակվելու մինչեւ իրենց երկրային կյանքի վախճանը: Իսկ կյանքին հրաժեշտ էին տալու ընդամենը օրերի տարբերությամբ. Շերենցի մահը ցնցելու էր Մհեր Մկրտչյանին, որը, թեկուզեւ չափազանց վատառողջ, պատրաստվում էր մասնակցելու իր թանկ ու անփոխարինելի ընկերոջ հուղարկավորությանը: Սակայն դրան նախորդող գիշերը, երբ զանգահարել եւ ասել էր ընկերոջ որդուն, որ թաղմանն անպայման է գալու, դադարում է բաբախել նաեւ իր՝ հազար ու մի կորստյան ցավից մաշված հանճարեղ դերասանի սիրտը…