ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱԵՍՏՐՈՆ. ՆԱ 46 տարի Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնադրել և հեռարձակել է հայկական հաղորդումներ. Եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ՂԵԿԱՎԱՐԸ մինչև կյանքի վերջը.

Դիրիժոր, կոմպոզիտոր ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ ծնվել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Վաղ հասակում տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ուսուցանել է Էդուարդ Տարոնյանի և Բարսեղ Կանաչյանի մոտ: Միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա:

13 տարեկան հասակում տեղափոխվել է Հալեպ, որտեղ 1954թ. ավարտել է Մելգոնյան հայկական վարժարանը` Վահան Պետելյանի դասարանը, որից հետո ուսումը շարունակել է Փարիզում: Որպես օպերային երգիչ, համերգներով հանդես է եկել Նիկոսիայում, Աթենքում, Բեյրութում, Հալեպում, Կահիրեում, Փարիզում և այլ քաղաքներում: Դասավանդել է Նիկոսիայի Մելգոնյան վարժարանում և ղեկավարել է վարժարանի երգչախումբը: 46 տարի Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնադրել և հեռարձակել է հայկական հաղորդումներ:

Հեղինակել է մի շարք երգեր, կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, օրատորիաներ, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում` Տոկիոյում, Փարիզում, Կիպրոսում, Լիբանանում, ԱՄՆ-ում և արժանացել է մրցանակների: Եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որն իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում: Վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջը: Մահացել է Նիկոսիայում: