Այս ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ իր մեծ վաստակն է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի և մի շարք այլ կառույցների կառուցման գործում. ՃԱՆԱՉԵՑԻ՛Ք ՆՐԱՆ.

Ճարտարապետ ՍՊԱՐՏԱԿ ԽԱՉԻԿՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Լիա Սաֆարյանի ամուսինը, աստղագետ, պրոֆեսոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի եղբայրը: 1955թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը: Աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, որտեղ 1964թ-ից եղել է արվեստանոցի ղեկավար: 1984-91թթ ղեկավարել է ՀՀ պետշինի բնակելի և քաղաքացիական շինության վարչությունը, 1991-93թթ` «Խաչիկյանի արվեստանոց»-ը:

1991-2005թթ դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում: Համահեղինակ է` Աբովյան (1961-70թթ) և Սևան (1962-70թթ) քաղաքների գլխավոր հատակագծերի (Արթուր Թարխանյանի, Հրաչյա Պողոսյանի, Լևոն Չերքեզյանի հետ), Երևանի «Այրարատ» կինոթատրոնի (1970-74թթ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ` 1979թ.), Երիտասարդության պալատի (1970-85թթ, ՀամԼԿԵՄ մրցանակ` 1981թ.), «Զվարթնոց» օդանավակայանի (1981թ., ՀՀ Պետական մրցանակ` 1985թ.), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի (1984թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1987թ.), Դիլիջանում` կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան (1984թ., համահեղինակներ` Հրաչյա Պողոսյան, Լիա Սաֆարյան), Տուապսեում պիոներական ճամբարի, (հեղինակային խմբի հետ) և այլն:

1962թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության, խորհրդային ճարտարապետության 1973-77թթ նվաճումների, 1982թ. «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: