«Ինքը զորեղ մարդ էր, իր նայած կողմը մեզ համար դառնում էր նայելիք կողմ». գրառում Հրաչյա Քոչարի մասին, որն արժե կարդալ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Հրաչյա Քոչարին նվիրված «Կամուրջ դեպի լեգենդների երկիրը» դիմանկար-հոդվածը:

Եղեռնի ու վրեժի մասին նրա «Գեներալի քույրը» դպրոցական մեր դասագրքերում կար. դա ծանր մղձավանջային իրողություն էր, բայց Լոռվա մեր այդ գյուղում, ուր պատերազմից հետո մի հատուկ բարություն էր ցողվել, և բոլոր երեխաներս բոլոր մեծերի զավակներն էինք, երեխայի մեր մաքուր սրտերը թերահավատ մնացին այն դաժանության առաջ, թե մորթոտված ծնողների որբերը մարդկանցից վայրի կենդանու նման խուսափում էին. դա լինում էր հեռու մի ժամանակ, այնտեղ, չգիտեինք որտեղ. ուսուցչի բացատրություն էր հարկավոր — մեր ուսուցչուհու միջամտությունը հիմա չեմ հիշում, գուցե իսկապես պատմել ու լրացրել է, թե ով ենք մենք, ում ենք խանգարել, ում ճանապարհից ենք շպրտվել, բայց մեր սրտերը մերժել են նաև նրա պարտադրանքը՝ ստույգ հիշում եմ, որ դառնացանք մանավանդ վերջաբանից. գեներալը պատասխանել էր տալիս, թե ինքը մորմոքող ու հուսադրող սփյուռքահայուհու եղբայրը չէ. գործը ուրիշի ցավով ուրիշին համակելու մասին էր, և ուրեմն դա ճշմարիտ պատասխան էր, բայց դպրոցականներիս համար հայցվում էր մի այլ ճշմարտություն՝ գեներալը պիտի լիներ հենց այն որբը, որ քրոջ ձեռքը բռնած թաքնվում էր մարդկանցից այնտեղը դպրոցական դասագրքի մի ուրիշ էջում էլ էր ծվարել, Հրաչյա Քոչարը այնտեղի մասին մի ուրիշ անգամ էլ շշնջաց. եղբայրական սիրո, հոգսի, բաժանության ու գյուղական աշխատանքի մասին մի սքանչելի պատմություն էր. ընտանիքատեր եղբայրը իր բաժին դեզից գիշերը խրձեր է դնում փոքր եղբոր դեզին՝ քանի որ սա դեռ պիտի ընտանիքավորվի, մյուս գիշեր իր դեզից փոքր եղբայրը խրձեր է դնում մեծ եղբոր դեզին՝ քանի որ սա արդեն ընտանիքատեր է: Ինձ անծանոթ չէին ոչ կալն ու խուրձը՝ լուսնակի մեջ, ոչ եղբայրական հոգածության թաքուն դաշինքը, ոչ հոգսը և ոչ էլ թե ի՛նչ է նշանակում «կինը սուր սեպի պես խրվեց եղբայրների արանքը». դրանք կային ու այդպես էին արդեն այդտեղ՝ մեր Ահնիձոր այդ գյուղում, բայց թվում էր գեղեցկության ու բարու խաղաղ լուսնալույսով օծվում են շնորհիվ զուտ այն բանի, որ այնտեղ են՝ հեռու Նպատ լեռան ստորոտին:

Ինքը՝ Քոչարը, միշտ էր այնտեղ՝ ի սկզբանե մինչև վերջ, դպրոցական երեխաներիս մեջ նա համախոհ էր փնտրում: Այնտեղը նրա համար հոգեվարքային անրջանք չէր, նրա վերջին՝ «Սպիտակ գիրքը» վերջին խոստովանանք չէր: Նա այնտեղ էր այն ժամանակ՝ երբ սովետական սպայի համազգեստով կանգնած էր այլ թշնամու առաջ: Այնտեղը զինվորի ու գրողի նրա երդումն էր: Նա այնտեղ էր՝ երբ հյուսիսում, այլալեզու և այլացեղ գնդերի առջև որպես կարմիր զորահրամանատար Գայ կանգնած, հայերեն մրմնջում էր «եղբայրներ, եղբայրներ», այսինքն, թե հուսում ու հավատում էր, թե այդ գնդերը իր դավանանքին կբերի, և այնտեղ էր՝ երբ «մեծ տան զավակներին» դարձնում էր նույն խնդրի շուրջը:

Նա այնտեղ էր՝ երբ «Հյուսիսային ծիածան» կինովիպակով երմոլովյան բանակի առաջխաղացումն էր կառավարում, հուսաբեր և պատմության ծանր փաստերի տակ ստիպված կառավարում էր նույն այդ առաջխաղացման բերած հուսախաբությունը նույնպես: Նա այնտեղ էր՝ երբ մանկավարժական ինստիտուտի ուսանողությանս առաջ ամբողջ երեք ժամ շարադրում էր, ուղղակի շարադրում էր (ի՜նչ հիանալի պատմող էր) Մերձավոր Արևելքի հայոց գաղթօջախներում իր շրջագայությունը. ապրելու հազար կերպ կա — դա իր հաղթանակներին ու պարտություններին տեր կանգնելու, պատվով ապրելու և՛ խելացի, և՛ զուսպ, և՛ գործնական ծրագիր էր:

Նա մեկ և նույն ուխտատեղիին էր վերադառնում երբեմն անցյալից, երբեմն ապագայից, ավելի հաճախ՝ ներկայից: Կողմերն ու ժամանակները նա փոխում էր. մերձեցման կետը՝ երբեք: Բազմադեմ, բազմաժամանակ ու բազմահնար՝ նա նույն Քոչարն էր կռվից ուշացած հայդուկը՝ անելանելիության մեջ կաշկանդված իր շատ կարճ կյանքով: Նա կապանքները մի անգամ նույնիսկ փշրեց, հիանալի «Կարոտի» նախրապան որպես խփեց անցավ սահմանը՝ «հեղ մը երթալու տեսության մըր սարերուն ու ձորերուն». դա խելահեղություն էր, այդպես խելահեղվում է վանդակված ազատը, բայց խելահեղությունը նույնպես ելք էր՝ գոնե գրական. վերադարձավ արդեն ի մեջ մարդկանց պարտված և իրեն տվեց հանդի ծաղկին ու խոտին — իր ցավը նրանց է պատմելու կամ նույնիսկ նրանց չի պատմելու, լռելու և ցավից հլու կրծվելու է: Դա նույնպես իրողություն է, բայց դա արդեն Հրաչյա Քոչարը չէր:

Ինքը զորեղ մարդ էր, իր նայած կողմը մեզ համար դառնում էր նայելիք կողմ, ինքը կարողացավ իր հույսերն ու վիշտը մեզ պարտադրել:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից