«Տատիս պատմությունները դեռ վառ են հիշողությանս մեջ. մենք դրանք լսում էինք քար լռությամբ»․ վերապրածների ժառանգները

1915-ը Օսմանյան կայսրությունում հայերի ծրագրված բնաջնջման սկիզբը դարձավ։ Հազարավոր մարդիկ քշվեցին սիրիական անապատներ։ Նրանց մեծ մասը կոտորվեց ճանապարհին՝ մահվան քարավաններում։ Քչերը կարողացան փրկվել ու ապաստան գտնել Հալեպում, Բեյրութում, Դամասկոսում եւ այլուր։

Էլիզա Հադիդյանը՝ արգենտինահայ գործարար Մաթիաս Փաթանյանի տատը, Այնթապից էր։ Նա 16 տարեկան էր, երբ հարեւաններից մի քանիսը թակեցին նրանց դուռը՝ ասելով, որ եթե չթողնեն ու հեռանան, կսպանվեն։ Ընտանիքը տեղահանության ենթարկվեց դեպի անապատ. նրանց ստիպեցին քայլել շիկացած ավազներով կիզիչ արեւի տակ։

«Տատիս պատմած պատմությունները դեռ վառ են հիշողությանս մեջ։ Մենք դրանք լսում էինք քար լռությամբ։ Նա պատմում էր, թե ինչպես է ստիպված եղել ուտել իր կոշիկների ներբանները, թե ինչպես էին ուտում գետնից գտած ամեն ինչ»,– հիշում է մեր հայրենակիցը։

Երկար ու տառապալից ճանապարհի վերջում ընտանիքը հասնում է Սիրիայի Դամասկոս քաղաք, իսկ կարճ ժամանակ անց՝ 1919-ին, մեկնում Հունաստան եւ բարձրանում Բուենոս Այրես տանող նավը։ Կոտորածներից փախչելով նրանք հասնում են Արգենտինա՝ որտեղ էլ գտնում են իրենց խաղաղությունը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։