Սիրո երգիչ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ. Գիտեք թե ով է մեծ դեր ունեցել նրա «խաղիկների» վրա. Եվ ինչպե՞ս են ՆՐԱ անգին ձեռագրերը ավելի քան 230 խաղերը մեզ հասել. Հետաքրքի՛ր է իմանալ.

Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա՝ գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։