ՀԱՅԴՈՒԿ, ով կարողացավ կանգնեցնել ողջ կայսրության ձեռնարկած հետաքննությունը՝ միայն ՀԱՆՈՒՆ ՀԱՅԵՐԻ. ո՞վ էր «ՊԱԴՎԱԼԻ ՎԱՂՈՆ» և ի՞նչ էր նա ձեռնարկել

Ավետիս Ղարիբյան-Պադվալի Վաղո (1866-1904). լեգենդ, ով կազմակերպել է խմբեր, զինել և ուղարկել է թուրքերի դեմ կռվելու: 1904թ. ամռանը ինքն էլ է մեկնել թուրքերի դեմ կռվելու, որի ժամանակ էլ Թորգոմի (Թուման Թումյան) հետ մասին զոհվել է: Հերոսի տիպիկ օրինակ է եղել «Պադվալի Վաղոն»:

Մի ուշագրավ վավերագիր կա  Ավետիս Ղարիբյանի (Պադվալի Վաղո) հեղափոխական գործունեության մասին:

1891 թվականի փետրվարի սկզբներին իր հարևանի՝ հույն Ալեքսանդր Աբրամովի մատնության և սեփական կրպակում կատարված խուզարկության արդյունքում Ավետիս Ղարիբյանը կանգնել էր իրեղեն ապացույցներով (մարտական զենքի մասեր ու փամփուշտներ) հաստատված անհերքելի ամբաստանությունների առջև։ Դրանց առկայության պայմաններում թվում էր, թե նա պատժից խուսափելու որևէ հնարավորություն չունի։ Սակայն գյումրեցուն բնորոշ հնարամտությամբ՝ Պադվալի Վաղոյի ձեռնարկած պատասխան քայլերը  շրջեցին դատաքննության ողջ ընթացքը՝ ամբաստանյալին վերածելով զրպարտության զոհի, իսկ ամբաստանողին՝ կեղծ մատնություն կատարած հանցագործի։ Այդ  նպատակով Վաղոյի կողմից գործի դրված հնարքները՝ վկաների ցուցմունքները մատնիչի դեմ ուղղելը, իրենից առգրավված գրությունների հեղինակներին հայտնաբերելն ու նրանց ցուցմունքները հակառակ նպատակներով օգտագործելը վկայում են, որ դաշնակցական ընդհատակի այդ առասպելական դեմքի թիկունքին գործել է ոչ մայն ՀՅԴ Ալեքսանդրապոլի (Քարի) կազմակերպությունը, այլև իր համաքաղաքացուն դատական հետապնդումից ազատելու համար ամեն ինչի պատրաստ գյումրեցու պատվախնդրությունը։ Մեկ տարուց ավել է գնում գործի քննությունը:

Ոստիկանության դեպարտամենտի ղեկավարը, որն իրականում ինքն էր որոշում ամբաստանյալների պատժի հարցը, իր 1892 թ. սեպտեմբերի 7-ի պատասխան գրությամբ հայտնում էր. «Պատիվ ունեմ տեղեկացնելու Ձերդ Գերազանցությանը, որ ես հնարավոր եմ համարում դադարեցնել ներկա գործի հետագա ընթացքը»։

Համարձակ ու հնարամտ Պադվալի Վաղոն, իր ընկերների հետ միասին, 1891-1892 թվականների ընթացքում փաստորեն կարողացավ խափանել մի ողջ կայսրության ոստիկանական ու դատական մարմինների ձեռնարկած հետաքննությունը և դեռ երկար տարիներ շարունակել իր ընդհատակյա գործունեությունը։

Զեկույցը պահվում է Ռուսաստանի Պետական արխիվի 102-րդ ֆոնդում (7-րդ գործավարություն, թիւ 60-րդ գործ):