ՀԱՅՈՒՀԻ ով դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը. ՆԱ մի քանի աղջիկների հետ կազմել Է նաև առաջին հնչակ օրիորդաց խումբը. Հիշեցի՛ք ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ.

Բանաստեղծ ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ կամ Շուշանիկ Փոպոլճյան ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում: 1893թ. մտել է Հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը: 1899թ. «Տարազ»-ում տպագրել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1900թ. «Աղբյուր»-ում՝ առաջին պատմվածքը: 1903թ. տեղափոխվել է Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի ռոստով, ՌԴ): Հակոբ Հակոբյանի հետ եղել է հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը:

Եթե բանաստեղծի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվել է Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդել նրա պոեզիային, նպաստել ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը: 1907թ. լույս է տեսել նրա առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ («Հանգցրեք ջահերը», «Ետ տար քո խաչը», «Բանվորները» և այլն) նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, սոցիալական անարդարության, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով:

Գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել: Ետհոկտեմբերյան շրջանում, 1917-22թթ, ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր՝ «Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ.Լենինին), «Կարմիրներ» և այլն: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Կուրղինյանի անունով է կոչվել փողոց, դպրոց, գրադարան Գյումրիում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Նրա անունով փողոց և նրբանցք կա նաև Երևանում: