Այս ՀԱՅՈՒՀԻՆ մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ, մասնակցել է համամիութենական և միջազգային փառատոների, արժանացել դիպլոմների. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Երաժշտագետ, պարագետ ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ծնվել է 1954թ. հունիսի 14-ին, Երևանում: Ակադեմիկոս, պատմաբան, ասորագետ Գագիկ Սարգսյանի և երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի դուստրն է: Սովորել է Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանում, զբաղվել սպորտային և գեղարվեստական մարմնամարզությամբ: 1975թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1980թ. (էքստեռն)՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը: 1984թ-ից աշխատում է Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտում, որտեղ ավագ գիտաշխատող է:

1987թ. Երևանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում կազմակերպել է Երաժշտության և պլաստիկայի մանկական ստուդիա, որտեղ բեմադրել է մի շարք դասական օպերային և բալետային ներկայացումներ: Ստուդիան բազմիցս հանդես է եկել Երևանում, մասնակցել է համամիութենական և միջազգային փառատոների, արժանացել դիպլոմների: 1992թ. հյուրախաղերով հանդես է եկել Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: 1992-97թթ և 2002-04թթ աշխատել է Մոսկվայի Դիմակաթերապիայի ինստիտուտում` որպես պարային, այնուհետև` հոգեթերապևտիկ այլ մեթոդների մասնագետ: Այդ տարիներին մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ:

Հայ բալետին, երաժշտական թատրոնին, նաև հոգեթերապիայի հարցերին նվիրված 50-ից ավել հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Սիմֆերոպոլում, Բեյրութում հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում, հանդեսներում, հանրագիտարաններում, ինչպես նաև պարբերական մամուլում: Բազմիցս մասնակցել է արվեստի և հոգեթերապիայի հարցերին նվիրված հանրապետական, ՌՖ-ի և միջազգային գիտաժողովների, դասախոսություններ է կարդացել Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության բաժնում: 2017թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: