Արագածը Իսահակյանը Արագած դարձրեց. գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողն է ասել նման բան ասել և ինչու

Հարություն Հովնաթանը իր «Խոսում է Համո Սահյանը. զրույցներ» գրքում Սահյանին խոսեցնում է այնպիսի մարդկային զգացումների, ստեղծագործական գաղտնիքների մասին, որոնք նրա մեծ պոեզիայի ճակատագրի վկաներն են:

Հովնաթանը նպատակ չի ունեցել իմանալ պոեզիայի վարպետից այն, ինչ ինքը չգիտի, այլ այն, ինչ միայն Սահյանը գիտի: Իսկ նրա իմացածը մի մեծ ու խոր աշխարհ է, բանավոր մի հարստություն է, որ կարող էր կորչել, եթե նրան խոսեցնող չլիներ:

Հարություն Հովնաթան — Անհատականություն, ասել է թե’ ոգի, որը և ժողովուրդ է պահում ու ներկայացնում:

Համո Սահյան — Ոչ միայն պահում ու ներկայացնում, այլև ստեղծում: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ ունի: Անհատականնությունների ժողովուրդ է: Մեր լավ ու վատ հատկանիշներով, բայց միշտ ուժեղ անհատականություններով, գոյատևել ենք: Մեզ կպահի մեր ազգային ոգին: Գյոթեն ասել է` ազգը պիտի փնտրես նրա տասը տոկոսի մեջ…: Մենք մեր ոգով ապահովում ենք այդ տոկոսը:

Անհա՞տը: Անհատը նա է, որի հետևից ժողովուրդ է գնում: Բանաստեղծի, արվեստագետի մեծ անհատականություն լինելը պետության, մի ամբողջ տերության գոյություն է նշանակում: Ծառայելու համար պիտի իմանաս ազգն ինչ բան է, ինչից է բաղկացած, ինչ սկիզբ ու ընթացք ունի:

Գրականությունը ժողովրդի ճակատագիրն է: Հաճախ գրականագետ կոչվածը Աբովյանին, Թումանյանին «պրոպագանդում է» առանց խորանալու, թե նրանք ինչ են արել: Փաստորեն նրանք ժողովուրդ են ստեղծել: Այթմատովը չստեղծե՞ց իր ժողովուրդը: Ռուս ժողովուրդը Տոլստոյի, Դոստոևսկու, Պուշկինի ժողովուրդն է: Արագածը Իսահակյանը Արագած դարձրեց: Աբովյանի ժամանակ ազգը վերանում էր: Նա ապրողներին հասկացրեց, թե իրենք ովքեր են, որտեղից են գալիս, ուր են գնում և ինչի են ընդունակ: Թումանյանը Նարեկացու մասին խոսելիս, ասում է, որ նրա արձանը պետք է դնել Հայաստանի կենտրոնում, բայց Աբովյանից հետո:

Թումանյանը նույն բանն արեց, ինչ Աբովյանը: Նորովի մեկնեց «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը: Դավիթը պարապ-սարապ ման էր գալիս, պառավի շաղգամն ուտում …: Պառավը խելքի բերեց, ասելով` գնա գանձերդ վերցրու, նստիր հորդ ձին, կապիր Թուր Կեծակին …: Մի խոսքով’ ինքնագիտակցության բերեց, ազգին ասաց’ սա դու ես, սա քո երգն է: