Բանաստեղծ, թարգմանիչ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ. Տաղանդավոր ՄԱՐԴ ով հեղինակել է շուրջ 200 երգերի խոսքեր. Հավաքել, մշակել և հրատարակել է երեք գիրք` Գավառի զվարճապատումները.

Բանաստեղծ, թարգմանիչ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ ծնվել է 1949թ. հունիսի 15-ին, ՀՀ Կամո քաղաքում (այժմ` Գավառ): Դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանի եղբայրն է: Աշխատել է տարբեր խմբագրություններում` շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթեր և այլն: 10 տարի վարել է «Ավանգարդի» գրականության ու արվեստի բաժինը: Հեղինակել է բանաստեղծական, թարգմանական, երգիծական շուրջ 15 գիրք: 1989-90թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացներում: 2002թ. հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը: Գրել է շուրջ 200 երգերի խոսքեր:

Համագործակցել է կոմպոզիտորներ Կ.Օրբելյանի, Ա.Աճեմյանի, Տ.Մանսուրյանի, Ռ.Ամիրխանյանի, Մ.Վարդազարյանի, Ե.Երզնկյանի, Ա.Սաթյանի և այլոց հետ: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» ձայնասկավառակում: Քրոջ հետ համատեղ թողարկել է «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» (2003թ.) ալբոմները: Հավաքել, մշակել և հրատարակել է երեք գիրք` Գավառի զվարճապատումները: 1986թ-ից Հայաստանի գրողների, ապա՝ ժուռնալիստների միությունների անդամ է, 2001թ-ից` ՀԳՄ պոեզիայի բաժանմունքի նախագահը, ՀԳՄ Համահայկական գրական հիմնադրամի տնօրենը, Գրողների միությունների միջազգային ընկերակցության նախագահության անդամ: Հանդիսանում է նաև Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ:

Հրատարակվել են նրա «Քեզ սերն է ծնել» (1979թ.), «Համբույրի ծաղիկ» (1984թ.), «Գաղտնիքների խեցի» (1989թ.), «Բոյիդ մեռնեմ» (1992թ., 1995թ., 2006թ., 2011թ.), «Ты рождена любовью» (1992թ.), «Աներգ օրեր» (1994թ.), «Այս ճանապարհին» (1999թ.), «Գիրք սիրո» (2004թ.), «Քառյակներ» (2008թ.), «Եղանակներ» (2010թ.), «Ժամանակ և դեմքեր» (2011թ.), «Տարիների միջով» (2014թ.), «Սիրո ու նվիրումի երգեր» (2015թ.) գրքերը: 1996թ. և 2007թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման, 2005թ.՝ Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 2009թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալի: