«Գաղթի ճանապարհին մի թուրք ինձ վերցրեց ու պահեց մի քանի ամիս. հետո ինձ էլ տարան»․ հայտնի ջազմենի պատմությունը

Հայտնի հայ ջազմեն Վահագն Հայրապետյանի պապը՝ Պետրոս Հայրապետյանը, 1914թ.-ին 10 տարեկան էր, երբ սկսվեցին ջարդերը: Հայրը զինվորական էր, վաղուց չէին տեսել իրար: Հայերին թուրքերը քշում էին դեպի անապատ: Պետրոսը մորը, երկու եղբայրներին ու մորաքույրներին կորցնում է գաղթի ճանապարհին:

«Կոնյա չհասած՝ գաղթի ճանապարհին, գյուղերից մեկում մի թուրք ինձ վերցրեց ու պահեց մի քանի ամիս. աշխույժ, սիրուն երեխա էի, թուրքը լավ վերաբերեց ինձ: Հետո գաղթի երկրորդ շարքի հետ ինձ էլ տարան՝ խաբար էր հասել, որ հայի երեխա կա գյուղում»,- պապի պատմածն է հիշում ջազմեն Վահագն Հայրապետյանը:

Զրկանքների ճանապարհը տանում է դեպի Դեր Զոր: Պապը պատմել է թոռներին, որ անասելի ծարավ էր, երբ ջրափոս էր տեսնում, վազում էր, մի թաշկինակ-կտոր գցում ջրափոսի վրա ու ջուրը քաշում-խմում թաշկինակի վրայից, հետո երբ շրջում էր թաշկինակը, վրան ամբողջը կարմիր որդեր էին:

Պետրոսը գաղթականների հետ քայլում է մինչեւ Դեր Զոր: Հասնում են անապատ, լուր է տարածվում, որ ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը, եւ հրահանգ կա հայերին ուղղակի թողնել անապատում ու այդպես Պետրոսը ողջ է մնում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։