Թավջութակահար ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆ. Նա իր գործի ՎԱՐՊԵՏՆ էր. Նրան նվիրված ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Ա.Հարությունյանը, Ա.Աճեմյանը, Ս.Նաղդյանը. Իմացե՛ք ավելին.

Թավջութակահար ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆ ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Եղել է ալտահար Հենրիխ Թալալյանի եղբայրը: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Կ.Խիզանյանի դասարանում: 1951թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Ս.Կոզոլուպովի դասարանը: Նույն թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1956թ-ից` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը:

Հանդես է եկել անսամբլներում` Յու.Սիտկովեցկու, Մ.Ղամբարյանի, Հ.Վարդանյանի, Ա.Բաբաջանյանի հետ: Հեղինակել է բազմաթիվ փոխադրումներ և մշակումներ թավջութակի համար: 1951-2000թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1977թ-ից` պրոֆեսոր): 1951թ-ից ղեկավարել է իր ստեղծած թավջութակահարների անսամբլը, Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ, 1982-86թթ` Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը:

Նրան նվիրված ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Ա.Հարությունյանը, Է.Հովհաննիսյանը, Ա.Աճեմյանը, Ս.Նաղդյանը և այլք: 1987թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: