«Լրիվ մաքրված մարդուն կամ խաղից դուրս կդնեն, կամ` կսպանեն». գիտե՞ք՝ ինչ էր նկատել ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ մարդու մեջ

Հարություն Հովնաթանը ստեղծել է մի ինքնատիպ գիրք` «Խոսում է Համո Սահյանը. զրույցներ», առանց որի հավանաբար թերի կլիներ մեր պատկերացումը’ Համո Սահյան մարդու, բանաստեղծի ու քաղաքացու մասին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ զրույց այդ գրքից:

Հարություն Հովնաթան – Համո Սահակի, բողոք կա մեջդ, որ ճշմարտությունը ժամանակին չեք ասել, իսկ ի՞նչ կլինի վեր կենաք և այսօր ամբիոնից ասեք …:

Համո Սահյան – Եթե ելնես մի համահավաքում խոստովանես քո մեղքերը, որ բոլորի մեղքերն էլ են, բոլորը կհամաձայնեն, որ ինքդ այդպիսին ես, ընդհուպ ստոր: Վերջացավ: Կասեն` բա որ մենք ասում էինք: Ես ասում եմ` երկնքին եմ նայում իմ ոչնչությունն եմ զգում, Գյոթե եմ կարդում` իմ ոչնչությունն եմ զգում: Եթե այս բանը գրողների տան դռանն ասեմ, … … — յանը իսկույն ինձ կասի` մենք գիտեինք, որ դու ոչինչ ես …: Կաթողիկոս Ստեփանոս Օրբելին ասել է` եղկելիս, ողորմելիս Կիլիկիայի թագավորի մոտ հանձն առա հայոց կաթողիկոսությունը: Հապա Նարեկացին ինչպե՜ս է ինքն իրեն դիմում …: Լավ օրինակ հիշեցիր` ես Նաղարշն եմ, մեղաց ծով եմ …, մեղքի ծով է համարում իրեն, կաթիլ չէ, ծով …:

Էն մաքուր տեղը, անկյունը պիտի լինի, որ խոստովանես: Եվ դա կլինի քավարանդ: Քավելու տեղ չունես, որովհետև իրավունքն իրենց ձեռքին է: Ում մոտ որ պիտի խոստովանեմ, նա դեռ իշխում է:

Լրիվ մաքրված մարդուն կամ խաղից դուրս կդնեն, կամ` կսպանեն: Նախապատրասել, հարկավոր է հող ստեղծել մարդու կատարելության համար: Իսկ այսօրվա մարդը շատ ավելի բարդ է: Առաջ հիմնականում երկու կողմն է նկատվել մարդու` չար և բարի, ինչպես հեքիաթում: Ինքնաճանաչումն այն ժամանակ չէր հասել այս աստիճանին: Մարդը նկատեց, որ իր մեջ մեկտեղված են, կան բոլոր հատկությունները` չարը կա, բարին կա, ուժը կա, թուլությունը կա, սերը կա, ատելությունը կա, կասկածանքը կա, հավատը կա, նաև ինքնաժխտումը կա, ամեն ինչը կա: Զարմանալի մի բան էլ եմ նկատել` մարդը ուզում է ուրիշին նմանվել. պաշտոն ունի, արտաքին գեղեցկություն ունի, փող ունի, բայց չի ուզում ինքը ինքը լինի: Մոռանում են երբեմն, որ կարող են որպես մարդ մեռնել և ոչ որպես պաշտոնյա: Երբ մարդը բնությանը ձուլված էր ապրում, տեսնում էր` ծառը մեռնում է և ինքն էլ հաշտվում էր իր մահվան հետ: Այսօրվա մարդու համար շատ դժվար է մեռնելը: Էգոիստ է: Աշխատում է և անվերջ պարգև է ակնկալում: Պիտի հասկացնես, պիտի բերես այն գիտակցության, որ աշխատելն ինքնին մեծագույն պարգև է: Մաշտոցին ի՞նչը պիտի ստիպեր դիմել արարչության, ստեղծել տառերը` իբրև հայ ժողովրդի փրկության և գոյության իրավունքը: Նույնը Խորենացին, մյուս մեծերը: Աբովյանին ի՞նչը պիտի ստիպեր …: Մենք էլ նույն բանն ենք անում, բայց ափսոս, որ մեր փոխարեն անողներ էլ կան: