«Նրանք հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով». միայն իմանաք՝ ինչ չնչին թեմայից կարող էին վիճել ՉԱՐԵՆՑՆ ու ԲԱԿՈՒՆՑԸ

Ստորև ժողովածուից ձեզ ենք ներկայացնում երկու մեծերին` Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին նվիրված մի գողտրիկ հուշաբեկոր:

Ահա թե ինչ է պատմել Խորեն Աճեմյանը` Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը, Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի վեճերից:

Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, որոնք, ասես, մրցում էին իրենց բարեմասնություններով:

Նրանք սրտակից, գաղափարական ընկերներ էին, որոնց կապում էր ամենից ավելի ազգային նիհիլիզմի դեմ ունեցած ատելությունը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ տարբեր էին իրարից և հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով: Վեճը սուր բնույթ էր ստանում, թվում էր, թե նրանք ինչ-որ տարբեր հայացքների մարդիկ են և ոչինչ չի կարող նրանց հաշտեցնել:

 — Դե՛, թող մարդը իր խոսքն ավարտի,- մռլտում էր Բակունցը, այդ քչախոս, ինքնամփոփ մարդը, տեսնելով, որ անհամբեր խոսակիցը կտրում է իր խոսքը:

— Լա՛վ, խոսի, եթե ասելիք ունես: Ախր ասելիք չունես:

Երբեմն էլ դերերը փոխվում էին:

— Ախր չես թողնում, որ մարդ իր ասածը ասի և մեջ ես ընկնում, ոնց որ

Քսպեն.-

— Ну, дуй, дуй, сколько угодно, и так все время ты говоришь.

Դժվարանում եմ ասել, թե ինչ կապակցությամբ հայերենից անցնում էին ռուսերենի, բայց պիտի ասեմ, որ հաճախ էր լինում: Չարենցը, անշուշտ, վելի լավ էր տիրապետում բանավեճի արվեստին և ռուսերենին, բայց սակավախոս Բակունցն իր հակիրճ, լակոնիկ պատասխաններով հաճախ նեղն էր գցում ճարտասան ընդդիմախոսին: Վեճերի նյութը և տարաձայնությունների բնույթը զանազան հարցեր էին լինում: Բերեմ մի օրինակ, որպեսզի ընթերցողը պարզ պատկերացում ունենա, թե ինչպես էր սկսվում բախումը և վերածվում երկարատև բանավեճի:

Զբոսնում ենք Աբովյանով, ապա զբոսայգով անցնում Նալբանդյան փողոց. զրույցը` շատ խաղաղ և ակադեմիկ ոգով, ուղեկցում է երթի ընթացքին: Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե` «Habent sus fata libelli» և ապա թարգմանում է, դառնալով Բակունցին.

 — Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:

— Կարող էիր չթարգմանել, — ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:

— Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզ, այլ ափորիզմ… Հ.Մ.-յա՞ն դարձար գլխիս…

— Գուցե կասես` «աթոռիզմ», — ասում է Բակունցը:

— Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), — ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք… Եվ հետո…

— Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, — հարցնում է Բակունցը` շատ անմեղ հետաքրքրությամբ:

— Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:

 — Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:

— Տեսնո՞ւմ ես, — հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ: — Ապա շարունակում է.

— Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:

Տիրում է կարճ լռություն , և հանկարծ`

— Դատարկ, — բացականչում է Ակսելը, — պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձի է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:

— Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:

Վեճը տաքանում է: Չարենցը գտնում է, որ գիրքն ավելի բարձր է, քան գրողը, իսկ Բակունցը` հակառակը:

 — Ախր, տրամաբանությոն չկա ասածիդ մեջ, — գոչում է Ակսելը:

— Լավ է չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու, նախ` չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանություն քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ…

Հետո «փոթորիկն» անցնում է, և նրանք արդեն բարեկամորեն ծիծաղում են ոչ միայն իրար վրա, այլև ամեն մեկն ինքն իր վրա:

«Հուշեր Եղիշե Չարենցի մասին» ժողովածու (Կազմող` Եղիշե Հովհաննսիյան):