«Բակունցին երբեք չեմ տեսել, բայց նրան նամակ եմ գրել ու պատասխան նամակ ստացել». միայն իմանաք՝ ինչ էր գրել ԲԱԿՈՒՆՑԸ պատասխան նամակում, որ ցնցել էր ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

Ճարտարապետ Ռաֆայել Իսայելյանը նաև «գրչի մարդ էր»; Ընդ որում, այստեղ ևս նա բազմաժանր էր, ինչպես ճարտարապետական ստեղծագործության մեջ. գիտական հետազոտություն և քննադատական ելույթ, հոդված և ակնարկ, մտերիմ զրույց երիտասարդության հետ արվեստի մասին և արվեստակից ընկերներին նվիրված հոդվածներ` ամենուր նա խիստ սկզբունքային էր, կրքոտ, խորապես համոզված իր դիրքորոշման մեջ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռաֆայել Իսրայելյանի /հոդվածներ, ուսումնասիրություներ, ակնարկներ/ ժողովածուում ընդգրկված «Մի տող Ակսել Բակունցի նամակից» գրական ակնարկը:

Ուսանող էի: 1930 թվականին Լենինգրադի դահլիճներից մեկում մոտ հարյուր հոգի հայեր էինք հավաքվել’ նշելու Հայաստանի խորհրդայնացման 10-ամյակը: Երեկոն նվիրված էր հայ գրականությանը: Այդտեղ էր, որ ես լսեցի Բակունցի մասին, որին չէի տեսել (և այդպես էլ բախտ չունեցա տեսնելու):

Այդ օրերին էր, որ դժվարությամբ ձեռքս ընկավ Բակունցի «Սև ցելերի սերմնացանը»:

Լենինգրադի միշտ գորշ, ամպամած երկնքի և քաղաքի հեռավոր ուրվագծի հանդիպման տեղում, աչքիս միշտ լեռներ են երևացել: Եվ ահա մերթ այդ «լեռներին նայելով, մերթ «Սև ցելերին»` ընթերցելով խորանում ու երազում էի այն օրը, երբ նորից կկանգնեմ հայրենի հողին, մեր լեռների ակոսված լանջերին: Հողի բուրմունքն էր գոլորշու պես դեմքիս խփում այդ էջերից, լեռնային ջրերի ձայնն էր ականջներիս խշշում, խլացնելով մեծ քաղաքի անհանգիստ աղմուկը, լսում էի սրնգի ձայնն ու գեղջուկի երգը …

Եվ հայրենիքի կարոտը խեղդում էր ինձ: Ուզում էի խոսել մեկի հետ, թեթևացնել բեռս, բայց ո՞ւմ հետ … Եվ մտածեցի գրել հենց իրեն’ Ակսել Բակունցին, հայտնել իմ խոր ապրումները անվերջ շնորհակալություններով: Գրեցի, ուղարկեցի նամակս և ահի մեջ ընկա. նախ որ գրածս կարող էր անհետևանք չանցնել Բակունցի և ինձ համար: Հետո` նամակս ինչպե՞ս կընդունի Բակունցը, դա, երևի, «Սև ցելերի սերմնացանի» հեղինակին կթվա անճարակ մանկան թոթովանք: Բայց նամակս անվերադարձ բռնել էր իր ճամփան դեպի Երևան:

Շատ չանցած ստացա Բակունցի պատասխանը` կարճ, մի քանի տող, որ ինձ վրա ցնցող տպավորություն թողեց: «Դուք, սիրելի Ռաֆայել, կարող եք հպարտանալ նրանով, որ Ավ. Իսահակյանը գրքիս մասին ճիշտ նույն կարծիքն է հայտնել, ինչ որ Դուք»:

Ոգևորությո՛ւն երջանկության չափ: Ուրեմն, կարողացել եմ հասկանալ Բակունցին, այն էլ այնպես, ինչպես Իսահակյանը:

Նամակը վաղուց չկա: Բայց այս տողերը, որ ինձ համար մի աստվածային պարգև էին, անգիր էի արել և մինչև հիմա հիշողությանս մեջ մնացել են անջնջելի: