Այս ՀԱՅՈՒՀԻՆ արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, «Ազգային ժողովի պատվո» և «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալներին. Գիտե՞ք թե ում կինն է ՆԱ.
Երաժշտագետ, արվեստաբան ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ կամ Արաքսյա Հարությունյան ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան Արծրունի Հարությունյանի դուստրը և կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի կինը: 1955թ. ավարտել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, 1961թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1965թ.` Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, որից հետո եղել է նույն ինստիտուտի գիտական աշխատող:

Երկար տարիներ դասավանդել է երաժշտական դպրոցում: Աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում` որպես խմբագիր: 1969թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչը (1986թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է հայկական երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, տասը մենագրություն, գրքերի թարգմանություններ, շուրջ հիսուն գիտական հոդվածներ, բազմաթիվ հրապարակումներ պարբերական մամուլում, հեռուստատեսային հաղորդումներ, զեկուցումներ հայաստանյան և միջազգային գիտաժողովներում:

1969թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան: Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 2004-13թթ եղել է ՀՀ Պետական մրցանակների երաժշտության գծով հանձնաժողովի և Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ «Ազգային ժողովի պատվո», 2013թ.` «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալների: Մահացել է Երևանում: