«Ես վաղուց էի ուզում պատմել նրանց այդ գաղտնիքը, բայց վախենում էի Լևոն քեռու զայրույթից». գիտե՞ք՝ ինչ գաղտնիք է պատմել ՇԻՐԱԶԸ

Արամ Գրիգորյանի «Պատումներ Շիրազի կյանքից» գրքում ընթերցողը ծանոթանում է բանաստեղծին վերաբերող անհայտ այնպիսի ծալքերի, որ անհրաժեշտ են նրան բոլորանվեր հասկանալու համար: Որոշ իմաստով «պատումները» շարունակում են, ինչպես Շիրազն էր ասում` հոգու և մտքի այն զրույցը, որ ժամանակին` բանաստեղծի կենդանության օրոք (1974թ.), տպագրվել է պարբերական մամուլում: Ստորև ձեզ ենք ներկայացնում «Պատումներ Շիրազի կյանքից» («Կարմիր Խնձոր») գրքից մեկ փոքրիկ հատված:

Մինչև հիմա էլ ապրում, գործում են մեր վաղ երիտասարդության ընկերները, Սիման ու Սենոն: Յոթանասուն տարին լրացավ, անցավ …

Ես վաղուց էի ուզում պատմել նրանց «Կարմիր խնձորի» գաղտնիքը, բայց վախենում էի Լևոն քեռու զայրույթից: Հիմա էլ, ինչպես ասում են, հողը լուր չտանի …

Իսկ Սիման ու Սենոն, ներող կլինեն անշուշտ: Չլիներ այդ խնձորը, հավանաբար չէր լինի նրանց տոհմական տան բազում թոռ ու ծոռների երջանիկ վկայությունը: Գիտեմ, նրանք արդեն ուրախությամբ պիտի լսեն այն, ինչ անցյալ է վաղուց: Գուցե և չհասկանան իրենց մեծ պապի` Սենոյի հոր անհանգստությունը, բայց այդ մասին հետո, իսկ հիմա գիտենաք, որ այն տարիներին ևս Սիման ու Սենոն իրար շատ էին նման: Ասում են համատեղ կյանքի պայմաններում ամուսինները քիչ-քիչ նմանվում են նաև արտաքնապես: Նրանք նման էին հենց սկզբից: Պարզկա երկնքից թռցված կապույտ աչքեր, շեկ-շիկավուն մազեր` ասես մաքուր ոսկով օծված:

Մենք, որ պատանեկության շրջանից նոր միայն ելած, սիրել էինք ուզում, որոնում էինք, Սիման ու Սենոն վաղուց գտել էին իրար: Ոչ միայն սիրահարվել, այլև վառվում էին սիրով: Ֆաբգործուսը ավարտած, տեքստիլ ֆաբրիկայում ենթավարպետներ էինք: Նրանք էլ նույնը: Եթե Սիման աշխատում էր առաջին հերթին, Սենոն` երկրորդ, ապա ճաշի ժամին անպայման գալիս էր գործարան, որ իր «կտրոնը» զոհաբերեր աղջկան: Դժվար ժամանակներ էին, ճաշում էինք հատուկ կանոներով, բայց Սիման խռովում էր, պատրաստ էր լաց լինել, եթե Սենոն նրա բաժնից չվերցներ գեթ մի պատառ: Այսպես, իրար հյուրասիրելով լռին, բայց համառ պահանջով, վայելում էին բոլորովին անհամ «բորշչը» և հիացմունքով իրար էին նայում` երջանիկ ու բախտավոր:

Մեր պարտականությունը, ի դեպ, կատարում էինք կես հանաք, կես լուրջ: Եթե նրանք մեզ համար Ռոմեո-Ջուլիետա էին, ուրեմն պետք է գիտենային սիրո արժեքը: Շիրազը եղբոր նման էր, մանավանդ որ Սենոն ոտանավորներ էր գրում: Նրա բոլոր երգերը, սակայն, սկսվում ու վերջանում էին Սիմա անունով:

— Այ տղա, մի քիչ էլ ուրիշ անուն տուր, ասենք` Նանար կամ Մարգո, Գոհար կամ Աղավնի, մեր այդ աղջիկները ինչո՞վ են պակաս Սիմայից, — ժպտում էր բանաստեղծը:

— Չէ, Շիրազ ջան, մենակ թող իմ անունը լինի, — բողոքում էր Սիման:

— Չեղավ, որ այդպես` գնա` քո Սենոն պոետ չի դառնա:

— Կդառնա:

— Չի՛ լինի:

— Կլինի, ասում եմ, քեզանից էլ լավ:

— Չի՛ լինի:

— Ասա՛ կլինի, խնդրում եմ, ասա, թե չէ ջարդդ կտամ, թե որ բռնեմ:

— Չէ՛, — պնդում էր Շիրազը և փոքրիկ հավաքատեղում թռչկոտում աթոռից-աթոռ, մինչև միջամտում էր ինքը` հաղթանդամ Սենոն: Այստեղ արդեն Շիրազը բռնում էր նրանց ձեռքերը, վեր բարձրացնում, իբրև թե` հաղթեցինք:

Մենք գիտեինք, որ Սիմայի մայրը Սենոյին սիրում էր հարազատ որդու նման: Իր մինուճար աղջկա համար ուրիշ փեսացու չէր ուզում: Սենոյի հայրը, սակայն, «մշեցու կող ուներ»: Ոչ մի կերպ չէր համաձայնում Սիմային իր տանը տեսնել: «Մինուճար տղան խոնարհ կին պիտի ունենա: Էդ ոսկեմազ ու ճտպտան աղջիկը, որ Սենոյիս խելքից հանել է, խոնարհ լինել չի կարող: Համ էլ մեկի տասնութը չկա, մյուսի` տասնինը, ինչո՞ւ են շտապում … Օրը գա, բարին հետը»:

— Չէ՛, որ չէ, — լալիս էր Սենոյի մայրը, — ասում են անհաս սիրուց ջահելները թոքախտ կեղնին:

Այստեղ արդեն քեռի Լևոնը խեղճանում էր: Մի խոսքով, երկու մինուճարների հարցը լուծվում էր: Դժվարը խաչքարավորի ընտրությունն էր, մանավանդ որ խաչքավոր լինելը ծախսերի հետ էր կապված: Հայրն իր թեկնածուն ուներ: Վեճը բորբոքվեց: Հաղթողը նորից մայրն էր: Բավական էր, որ ամուսինը կնոջ աչքերում արցունք տեսներ` վերջ, ենթարկվում էր: Բայց նրան միշտ էլ թվում էր, որ իր խոսքով եղավ … Մանավանդ որ պատճառաբանությունն էլ խելացի էր:

— Իմ համ բանաստեղծ, համ վարպետ բալիս խաչքավորը բանաստեղծ պետք է լինի, — ասել էր մայրը և թաշկինակը տարել աչքերին:

— Լավ, թող էդպես լինի, — հուզվել էր ամուսինը:

Եվ Շիրազը դարձավ խաչքավոր առանց տերտերի, նոր օրենքով: Նա, իհարկե, փող չուներ. ինքն էր ու իր բանաստեղծությունը:

— Էրգրեն բերած ճակտիս մի քանի ոսկին ղուրբան կենեմ իմ բալիս ու նրա ընկերներին:

Հասավ հարսանիքի օրը: Ուրախությունը բոլորինն էր: Տխուր էին միայն Սիման ու Սենոն:

— Յա՜, էդ ձեզ ի՞նչ պատահեց. աշխարհը լույս է դարձել, դուք մութ երեկո, թե՞ փոշմանել եք արդեն, — ասաց Շիրազը: — Տո դանդալոշ, խո աղջկան չե՞ս վիրավորել: Սիմա ջան, դարդ մի անի, Սեթոն չեղավ, Գարոն կա ու կա… ինձ նման անաստված խաչքավոր ունես, ցավդ տանեմ, մի տխրի:

Սենոն ժպտում էր հանցավոր:

— Օնիկ, ախր պատճառ կա … Դուրս գանք, ասեմ:

— Գարո տղա, դու մեր քույրիկի կողքին կանգնիր իմ փոխարեն, մինչև գամ, քավորությունը ձեռքիցս չխլեն հանկարծ, — կատակեց Օնիկը:

Իրոք որ տխրելու պատճառ կար:

— Կարմիր խնձորի հարցն է դժվար, — ասաց Սենոն ու հուզմունքը ծածկելու համար փաթաթվեց Շիրազին:

— Վա՛հ, սեղանի վրա լիքը կարմիր խնձոր է:

— Է՛հ … չհասկացաք:

Երբ հասկացաք, երեքս էլ երկար ժամանակ լուռ էինք:

Հին մի սովորությամբ, հարսանեկան առաջին գիշերից հետո, եթե աղջիկը կույս է լինում, տղայի ծնողները կարմիր խնձոր են ուղարկում աղջկա ծնողներին ու հարազատներին, որը և դառնում է մի նոր ուրախության առիթ:

— Ախր մի քանի օր առաջ, երբ ծնողներս համաձայնեցին … ես անհամբեր եղա …

Հիմա ի՞նչ պիտի լինի:

— Դմբո, — տխուր ու մտահոգ ասաց Շիրազը:

— Կսկսվեն բամբասանքները, իսկ հայրս հավերժական թշնամի կդառնա Սիմային:

Տնից դուրս կանի, ինձ էլ չի հավատա, մորս աղաչանքները անտեղի կանցնեն: Ի՞նչ պիտի լինի:

— Համ էշ ես, համ դմբո, — շշնջաց Շիրազը: Սենոն ուզում էր ասել` դու ես, բայց հանկարծ, գյուտ արածի նման, Շիրազը հարցրեց.

— Սենո, դու կարո՞ղ ես մեզ տանել այն սենյակը, ուր գիշերը պիտի լինեք:

— Հա՛, էն մյուս դռնից, առանձին:

— Գնանք:

Փառավոր տեսարան էր: Լույսի նման փայլում ամեն ինչ: Անկողինն էլ հատուկ շուք ուներ: Շիրազը գրպանից հանեց իր անբաժան չախուն:

— Արամ, ձեռքդ տուր:

Սպասել չէր կարելի: Ձեռքս մեկնեցի, բայց փակեցի աչքերս:

Սպասում էի:

— Դե …

— Ի՞նչ «դե» … Բաց աչքերդ, վախկոտ:

Շիրազը փոքր – ինչ արնոտել էր իմ մատը … և ներկել հարսանեկան սավանը:

Դրսում միայն կապեցինք Օնիկի վերքը և մտանք ուրախության սրահը: Սիման դեռ տխուր էր:

— Էս ո՞ւր էիք գնացել, սիրտս տրաքվեց:

Սենոն որպես աստվածատուր գաղտնիք նրա ականջին շշնջաց նորությունը: — Վա՜յ … ախպեր ջան:

Չորս կողմից բղավում էին.

— Գորկա՜, գորկա՜, պաչ արեք, պա՛չ … Գորկա:

Իրոք որ գորկա … Նրանք գրկախառնվեցին ու համբուրվեցին, ապա, ինչ-որ բան հիշելով, խոսքները մեկ արած, սկսեցին երկու կողմից համբուրել բանաստեղծին: Շիրազը շփոթվեց, բայց գտավ ելքը, թռավ մտավ պարի ասպարեզ:

— Տաշի՜, տուշի՜, քեզի ղուրբան, անունիդ մատաղ, — բղավում էր քեռի Լևոնը: Իսկ Շիրազը, հանդարտ ու համաչափ եղանակով, համարյա ներկայացնում էր այն տարիներին շատ տարածված մի կատակ երգ’ իր խմբագրումներով.

— Չալ փափախից մի վախեք,

Դուք ինձանից իմ փախեք,

Ջեբըմս լիքը ոսկի ա,

Ձեզ կի տանեմ Մոսկիվա …

Առավոտյան փառահեղ մի կապոցով կարմիր խնձոր ճանապարհվեց Սիմայի հերանց տուն, ուր անհամբեր սպասում էին հարևան-բարեկամները:

… Ոսկեմազ հարսի խնամքով երկար ապրեց Լևոն քեռին: Սենոն, իհարկե, բանաստեղծ չդարձավ: Թե նա և թե Սիման արժանացան պատվավոր տեքստիլագործի բարձր կոչմանը: Հպարտանում են, որ մասնակցել են գրական այն խմբակի պարապմունքներին, ուր իր առաջին բանաստեղծութոյւններն է կարդացել Հովհաննես Շիրազը: Հպարտանալու այդ իրավունքը կփոխանցվի սերնդից-սերունդ, քանի որ նրանց ընտանեկան գրադարանում պահվում են բանաստեղծի բոլոր գրքերը, առաջինից մինչև վերջինը`«Ձեր Շիրազ» մակագրությամբ: