«Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին». ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որն առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ

Իհարկե, Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը: Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենևին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի: Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում: Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեևնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց  «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետևում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…

 

 Անտոնինա ՄԱՀԱՐԻ

«Իմ ոդիսականը» գրքից