«Այդ 1297 հոգուց հայոց լեզվի գրավորից դրական գնահատական ստացան միայն 250 հոգի». գիտե՞ք՝ ինչ քայլի էին դիմել 1965 թվականին ՀԱՅ մտավորականներն այս խնդիրը լուծելու համար
Ժամանակներն անցնում են, խնդիրները մնում են: Նույն մտահոգությունները, նույն բացթողումները, նույն տագնապները: Ուղիղ կես դար առաջ մեր մտավորականներն իրենց ձայնն էին բարձրացնում այն հարցերի շուրջ, որոնք այսօր էլ օրակարգային են, մատնանշում էին փաստեր, որոնք հիմա էլ շարունակում են կենսունակ մնալ: Եվ դրանց առանցքը մեկն է` մայրենի լեզուն:
1965 թվականի ամռանը հրապարակվեց մի բաց նամակ` հասցեագրված Հայաստանի լուսավորության մինիստրին: Այդ նամակը ստորագրել էին Պարույր Սևակը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերո Խանզադյանը, Բաղիշ Հովսեփյանը, ինչպես նաև համալսարանի ու մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության քննական հանձնաժողովի անդամները:
Ստորև ներկայացնում ենք նամակը` մասնակի կրճատումներով:
Հովիկ Չարխչյան
« Բաց նամակ.
Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստր ընկ. Շ. Սիմոնյանին
Հարգելի ընկեր մինիստր, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները մի տեսակ ստուգատես են մեր դպրոցներում առանձին առարկաների դրվածքը պարզելու համար: Այդ քննությունները ավարտվել են, և պատկերը պարզվել է:
Մայրենի լեզուն այն հիմնական միջոցն է, միակ միջոցը, որով աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում: Առանց մայրենի լեզվի լավ իմացության հնարավոր չէ սովորել այլ լեզուներ, հնարավոր չէ տիրապետել խոր և հիմնավոր գիտելիքների: Սա վերաբերում է բոլոր մայրենի լեզուներին, ուստի և հայոց լեզուն չի կարող բացառություն կազմել:
Սակայն հայերենի ուսուցման դրվածքը մեր դպրոցներում, ինչպես ցույց տվեցին այս տարվա ընդունելության քննությունները, բավարար չէ: Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական, դպրոցական և նախադպրոցական ֆակուլտետներ ընդունվելու համար դիմել էին 1,297 մարդ: Ուրեմն, մեր դպրոցներից եկած 1,297 շրջանավարտներ ցանկանում էին դառնալ մանկավարժ, այնպիսի մանկավարժ, որի հիմնական մասնագիտությունը հայերենն է: Պարզ է, որ այդպիսի մասնագիտություն ընտրած տղան կամ աղջիկը դպրոցում բոլոր առարկաներից ավելի շատ հակում է ունեցել դեպի հայոց լեզուն: Թվում էր, թե այդ տղաներն ու աղջիկները հայոց լեզվի քննության ժամանակ պետք է փայլեին իրենց գիտելիքներով, և ընդունող հանձնաժողովները հիացմունքով ափսոսային՝ չիմանալով ում նախապատվություն տալ: Այդպես թվում էր… Բայց պատկերը ճիշտ հակառակն է: Հակառակն է և ապշեցնող: Այդ 1297 հոգուց հայոց լեզվի գրավորից դրական գնահատական ստացան միայն 250 հոգի: Իսկ 250 հոգուց քանի- քանիսը կտրվեցին հայերենի բանավոր քննության ժամանակ: Բացի այդ. դրական գնահատական ստացածների ավելի քան 95 տոկոսը բավարարվեց միայն «բավարարով»: Իսկ բավարար գնահատականը նույնպես, ինչպես գիտեք, իմացության ստորին ցուցանիշ է և ոչ թե բարձր: Գրեթե նույն պատկերն են ցույց տալիս նաև պետական համալսարանի ընդունելության քննությունները:
Քննական հանձնաժողովները ամբողջ քննությունների ընթացքում ցուցաբերել են անհրաժեշտ հոգատարություն, մանկավարժական ու անհատական մոտեցում ամեն մի քննվողի նկատմամբ: Բայց, այնուամենայնիվ, արդյունքը, ինչպես տեսնում եք, գոհացուցիչ չէ: Եվ դրա պատճառը հիմնականում այն է, որ լուսավորության մինիստրության որոշմամբ վերջին տարիներին հայոց լեզուն, որպես առարկա, հանվել է 8-ից բարձր դասարաններում: Մինչդեռ 8-ից բարձր դասարաններում է, որ աշակերտը հասունանալով՝ «բերանացի» անելուց անցնում է գիտակցական ընկալմանը, այսինքն՝ մնայուն գիտելիքներ ստանալուն: Եվ հենց այդտեղ էլ լուսավորության մինիստրությունը իսկական սկիզբը համարել է վերջ և դրել է իր վերջակետը:
Ասում են, թե Դուք այդպես եք արել, որովհետև այդպես են վարվել նաև ուրիշները՝ ուրիշ հանրապետություններում:
… Բայց եկեք չմոռանանք, որ մեր ժողովուրդը շատ է հարուստ բարբառներով: Իսկ բարբառների առատությունը, գաղտնիք չէ, որ բացասաբար է անդրադառնում գրական լեզվի ուսուցմանը: Բոլորովին պատահական չէ, որ քննություն հանձնողներից շատերի գրավոր և բանավոր խոսքում իրեն զգալ է տալիս բարբառը: Ուրեմն, մեր դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպելիս պետք է ելնել այդ լեզվի առանձնահատկություններից:
Մեր կարծիքով մայրենի լեզվի ուսուցման մեթոդները բարելավելու հետ միասին անհրաժեշտ է հայ գրականությանը զուգընթաց 9-րդ և 10-րդ դասարաններում ևս դասավանդել հայոց լեզու: Դա ոչ միայն խիստ անհրաժեշտություն է, այլև հրամայական պահանջ, և չենք կարծում, թե Դուք, հարգելի ընկեր մինիստր, առարկություն կունենաք:
Գրողներ՝ Բ. Հովսեփյան, Ս. Խանզադյան, Հր. Հովհաննիսյան, Հ. Սահյան, Պ. Սևակ…»:
1965 թ. օգոստոս: